Նախկին «Մարաթուկ մշակութային կենտրոն»-ի տնօրենի առերևույթ կատարած առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքի նախաքննությունը, 4 մեղադրյալի մասով, ավարտվել է
Ավարտվել է նախկին «Մարաթուկ մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ վարույթով, չորս մեղադրյալի մասով, նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը, 2013-2020թթ. ընթացքում, Երևանի համայնքապետարանի կողմից ՀՈԱԿ-ի տնօրենին իրավաբանորեն տնօրինելու իրավունքով հանձնված դրամական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, իր հարազատներին, ազգականներին և մտերիմներին՝ ընդհանուր 5 անձի, հրամանագրել է մշակութային կենտրոնի փոխտնօրենների, գեղարվեստական մասի մենակատարների հաստիքներին։
Սակայն, քաջատեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու մասին, հաշվարկվել և յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի և այլ հավելումների չափով գումարային փոխանցումներ են կատարվել նրանց բանկային հաշիվներին։
Այդ կերպ, վերջիններիս օժանդակությամբ, ՀՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է իրեն վստահված՝ Երևան համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.428.900 ՀՀ դրամ գումարը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա նախկին ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Նրա նշված հարազատներից և մտերիմներից չորսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ևս մեկ ազգականի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 1-ին մասով:
Չորս անձի, այդ թվում՝ տնօրենին, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Մյուս երկու անձանց նկատմամբ, որոնք բացակայում են հանրապետությունից, հայտարարվել է հետախուզում, և նրանց մասով առանձնացված վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: