Գորիսի ավագանին մերժել է Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը. «Ազատություն»
Գորիսի ավագանին արտահերթ նիստում քննարկել և մերժել է Պրոբացիայի ծառայության գրությունը, որով պետք է դադարեցվեին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի լիազորությունները:
Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանը օգոստոսի 16-ին Գորիս համայնքի ավագանուն է ուղարկել Առուշանյանի վերաբերյալ նույն մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ին կայացրած դատավճիռը՝ դրա կատարումն ապահովելու նպատակով։
Առուշ Առուշանյանը դեռ 2022-ի մարտի 28-ին դատարանի վճռով մի դրվագով մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, բացի այդ Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ կիրառվել էր տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։
Վճիռը բողոքարկվել է վերադաս ատյաններում, սակայն անարդյունք, իսկ այս տարվա հուլիսի 24-ին այն մտել է ուժի մեջ:
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ Առուշանյանը հրավիրվել է նախարարության Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման, նրան ներկայացրել են դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել համայնքային պաշտոններ։
Ավագանին, սակայն, արտահերթ նիստում արձանագրել է, որ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնելու լիազորություն չունի:
«Համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում ՏԻՄ առանձնահատկությունները սահմանող իրավադրույթներով առհասարակ դատական ակտերի հիման վրա լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմք կամ ընթացակարգ չի նախատեսվել, իսկ գրությամբ հայցվող գործողությունը դուրս է ավագանու լիազորությունների շրջանակից, ուստի «որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու պատժատեսակը» համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու օրենքով նախատեսված հիմք չէ, ուստի պրոբացիայի ծառայության գրության պահանջներն ավագանու գործառույթներից դուրս են», – ասված է արձանագրության մեջ:
The post Գորիսի ավագանին մերժել է Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.