ru24.pro
World News in Armenian
Август
2024

Իտալիայում հայտնել են՝ կա՞ արդյոք զբոսանավի խորտակման հետևանքով անհետ կորածներին ողջ գտնելու հավանականություն

0

Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի խորտակումից հետո անհետ կորած անձանց ողջ գտնելու հավանականություն չկա։ Այս մասին գրում է Guardian թերթը՝ Իտալիայի առափնյա պահպանության ծառայության աշխատակից Վինչենցո Ձագարոլուին հղումով։

«Երբեք մի ասա երբեք, բայց խելամիտ է ասել «ոչ»», - նշել է նա՝ անհետ կորածների ողջ մնալու հավանականությանն վերաբերալ հարցին ի պատասխան:

«Մենք չենք բացառում, որ նրանք կարող են զբոսանավի ներսում չլինել, բայց գիտենք, որ նավն արագ խորտակվել է։ Մենք ենթադրում ենք, որ վեց անհետ կորածները, հավանաբար, չեն հասցրել դուրս գալ»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել փոթորկի պատճառով: Զբոսանավը նավարկում էր բրիտանական դրոշի ներքո։

Առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել 15 հոգու, նրանց թվում՝ մեկ տարեկան երեխայի, որին տեղափոխել են Պալերմոյի մանկական հիվանդանոց։ Վեց մարդ, այդ թվում՝ չորս բրիտանացիներ, դեռևս համարվում են անհետ կորած։ Խորտակված նավը գտնվում է 49 մ խորության վրա՝ ափից մոտ 800 մ հեռու:

Օգոստոսի 20-ի առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Ջրասուզակները փորձում են մտնել նավ, սակայն դա բավական բարդ է՝ հաշվի առնելով նավի սուզման խորությունը և այն, որ նավը ծովի հատակին է գտնվում 90 աստիճան անկյան տակ։

Անհետ կորածների թվում են աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը, Բլումերի կինը, Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոն, միլիոնատեր Մայքլ Լինչը և նրա 18-ամյա դուստրը՝ Հաննան։ Լինչի կինը Անժելա Բակարեսին, որին պատկանում էր զբոսանավը, փրկվածների թվում է։