ru24.pro
World News in Armenian
Август
2024

Չիկագոյում մեկնարկում է Դեմոկրատական կուսակցության համագումարը, որն ուղեկցվում է ցույցերով

0

Չիկագոյում այսօր մեկնարկում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը։

CNN-ի հաղորդմամբ՝ համագումարին ելույթ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը հուլիսին հրաժարվեց նախագահական ընտրապայքարից՝ ջահը փոխանցելով փոխնախագահ Քամալա Հարիսին։

Հարիսը և նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցը հույս ունեն ընտրություններում հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ 

Դեմոկրատական կուսակցությունն իր թեկնածուին ընտրելու համար նախապես օնլայն քվեարկություն է անցկացրել, որի արդյունքում հաստատել է Հարիսի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։ 

Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին ելույթ կունենան նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։ 

Համագումարին ընդառաջ ցուցարարները դուրս են եկել երթի, որն, ըստ ABC Chicago հեռուստաալիքի, տևել է շուրջ 3,5 ժամ։ Ցույցին մասնակցել են մի քանի ակտիվիստ խմբեր, որոնք հանդես են եկել միասնական ճակատով՝ պահանջելով գործողություններ ձեռնարկել փոքրամասնությունների իրավունքների, կանանց վերարտադրողական իրավունքների պաշտպանության և Գազայի հատվածում պատերազմին վերջ դնելու ուղղությամբ։

Ակնկալվում է, որ դեռ հազարավոր ցուցարարներ կմասնակցեն այս շաբաթ անցկացվող համագումարին։ Reuters-ի  փոխանցմամբ՝ Իսրայելին ԱՄՆ-ի աջակցությունից դժգոհ տասնյակ մուսուլման պատվիրակներ, որոնք իրենց անվանում են «Պատվիրակներ ցեղասպանության դեմ», ցույցերի միջոցով նպատակ ունեն ճնշում գործադրել իշխանությունների վրա՝ Իսրայելի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո սահմանելու համար։