ru24.pro
World News in Armenian
Август
2024

Հավաքական Արևմուտքը ցույց է տվել իր ամբողջ թուլությունը Ադրբեջանին, նա չի կարող հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը. Հայրապետյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, համաձա՞յն եք Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի այն մտքին, որ հիմա կա պատմական հնարավորություն, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են վերջ դնել թշնամանքին ու խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նշեմ, որ նա նաև ընդգծել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։

– Նախ ասեմ, որ տվյալ պաշտոնյան իր ուղերձները գերազանցապես հղում է արտաքին լսարանին ու միշտ ինչ-որ առումով փորձում է մեղմել Ալիևի հայտարարությունները, սուր անկյունները փոքր-ինչ մեղմելու դերակատարություն է ստանձնել։ Նրա հայտարարությունները վերլուծելիս պետք է հաշվի առնել, որ դա առաջին հերթին ուղղված է արտաքին լսարանին։ 

Այդ «պատմական հնարավորություն» արտահայտությունը իրենք վերցրել են ամերիկյան կողմի հայտարարությունից, որպեսզի ցույց տան, թե աջակցում են այդ գործընթացներին և այլն, բայց իրականության մեջ շարունակում են առաջ քաշել իրենց պահանջները, ընդ որում՝ ոչ միայն Սահմանադրության փոփոխության, այլև՝ Սյունիքով արտատարածքային միջանցք ստանալու ուղղությամբ: Նրանց բոլոր քայլերը հենց դրան են ուղղված, ու դրա մասին պարբերաբար հիշատակում են տարբեր մակարդակներով։ 

Եթե ուսումնասիրեք վերջին մեկ շաբաթվա կտրվածքով ադրբեջանական տեղեկատվական քարոզչությունը՝ և՛ պետական հեռուստաընկերություն, և՛ տարբեր քարոզչական աղբյուրներ, ապա ամբողջությամբ կտեսնեք մեկ գերակա վերնագիր՝ «Արևմուտքը դրդում է Հայաստանին գնալ նոր պատերազմի», այսինքն՝ Արևմուտքի դերակատարումն այնտեղ գնահատվում է որպես պատերազմի հետ կապված սադրիչ գործողություն։ 

Պատճառն այն է, որ հենց այսօր Օ’Բրայենը բաց տեքստով հայտարարեց, որ իրենց նպատակն այն է, որ Կենտրոնական Ասիան Ադրբեջանով ու Հայաստանով կապվի Եվրոպայի հետ՝ շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը, իսկ Ալիևը Չինաստանի հետ արդեն ռազմավարական հռչակագիր է կնքել ու շարժվում է բոլորովին այլ ուղղությամբ, դրա համար էլ ամբողջ քարոզչությունն ուղղվում է Արևմուտքի, նրան տարածաշրջանից դուրս բերելու դեմ։ Իսկ Ամիրբեկովն ընդամենը փորձում է ցույց տալ, որ իրենք իբրև թե գնում են խաղաղության գործընթացի, բայց այս նախապայմաններն ունեն ու այնքան են դրա մասին խոսում, որ դա ընկալելի լինի նաև միջազգային հանրության մոտ։ 

– Որ Ադրբեջանը հայտարարում է, թե Արևմուտքը դրդում է Հայաստանին նոր պատերազմի գնալ, սա միայն արվում է Արևմուտքի դե՞մ, թե՞ սրանով Ադրբեջանը, ինչպես միշտ, հող է նախապատրաստում նախահարձակ գործողությունների համար։

– Կարծում եմ՝ դա կարող է երկու ուղղությամբ աշխատել․ առաջինը՝ իրենք իսկապես ուզում են հող նախապատրաստել ու ինչ-որ ծրագրեր ունեն, երկրորդ՝ իրենք կիրառում են ուժի սպառնալիքի գործոնը, որը պակաս կարևոր չէ։ Քարոզչական այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ Հայաստանում կրկին խոսվի պատերազմի վտանգի մասին ու Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ստեղծել իրավիճակ, որ նրանք մտածեն հերթական զիջման գնալու մասին՝ կլինի դա տարածքային կորուստ, թե Սահմանադրության փոփոխություն։ Բայց, ընդհանուր առմամբ, ձեռագիրը շատ մոտ է այն ընդհանուր իրավիճակին, որը եղել է նաև Կիրանցի միակողմանի զիջումներից առաջ։

– Տիկի՛ն Հայրապետյան, որ Օ՛Բրայենն ասել է, թե «ԱՄՆ-ն երազում է Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցող առևտրային երթուղու մասին Հայաստանով ու Ադրբեջանով», խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասի՞ն է։

– Վստահորեն՝ այո, ու եթե հիշեք, Բաքու կատարած այցի ժամանակ նա պարզ տեքստով խոսել էր սրա մասին, փոխել էր իր հռետորաբանությունը նաև Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման վերաբերյալ: Ամերիկյան կողմը կարծես Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականություն է վարում, որպեսզի նա մտնի իրենց խաղի մեջ ու հեռու մղի Ռուսաստանին և Չինաստանին, բայց, կարծում եմ, Ադրբեջանը շատ հստակ, պրագմատիկ հաշվարկ է արել, որ նման քայլերի գնալ չի կարող։ 

Նրանք ունեն հստակ ուղղություն, որն ընտրել են, ու այդ ուղղությամբ էլ շարժվում են, որովհետև եթե Ալիևը Բաքվում Օ՛Բրայենի առաջարկից հետո գնում է Չինաստանի նախագահի հետ ռազմավարական հռչակագրի կնքման ու հայտարարում ԲՐԻՔՍ մտնելու ցանկության մասին, ապա դա հստակ աշխարհաքաղաքական ընտրություն է, ու եթե ԱՄՆ-ում դա դեռ չեն գիտակցում, կամ իրենց հարմար չէ, որ գիտակցեն, դա հարցի մյուս կողմն է։ 

– Այսինքն՝ հավաքական Արևմուտքը չի՞ կարողանա անել այնպես, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։

– Իհարկե չի կարող, հավաքական Արևմուտքը ցույց է տվել իր ամբողջ թուլությունը Ադրբեջանին, ու վերջինս դա հստակ հասկացել է։ Ալիևը օկուպացված Շուշիում՝ ֆորումի ժամանակ հեգնանքով ասում է, թե կային գործընկերներ, որ ասում էին, թե մեզ հետ նախկինի պես չեն աշխատելու, հետո խելոք աշխատեցին մեզ հետ։ Ցույց է տալիս, որ ինքը հետևողական է իր քաղաքականության մեջ, ու այդ հետևողականությունը միշտ հաղթում է, իսկ ամերիկյան կողմը մի բան կհայտարարի, մեկ-երկու ամիս հետո այլ բան կանի, ինչն Ալիևը գիտակցում է։ 

Ալիևն իր խաղն է տանում ու համագործակցում է այն ուժերի հետ, որոնք իր հետ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերում, որոնցից ինքը զգուշանում ու նաև վախենում է, իսկ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից իր համար որևէ վտանգ չի տեսնում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հավաքական Արևմուտքը ցույց է տվել իր ամբողջ թուլությունը Ադրբեջանին, նա չի կարող հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.