Ըստ RSF-ի՝ Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ինդեքսում, Վրաստանն ու Ադրբեջանը՝ վատթարացրել
«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières (RSF) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որտեղ ընդգրկված 180 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 43-րդ հորիզոնականում։ 2023 թվականին Հայաստանը 49-րդն էր ինդեքսում։
Զեկույցում նշվում է, որ չնայած երկրում առկա բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հրապարակած զեկույցում նաև հավելում է, որ սոցիալական մեդիան, որը հասանելի է բնակչության երկու երրորդի համար, տեղեկատվության հիմնական աղբյուրն է:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի մյուս երկրներին։ Օրինակ՝ Ադրբեջանում մամուլի ազատության վարկանիշը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ անկում է ապրել՝ 151-ից նվազելով 164-րդ հորիզոնական։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս երկրում լրատվամիջոցների ազատության վիճակը վատթարացել է, և երկիրը նահանջել է 26 հորիզոնականով։
Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 103-րդ տեղը. 2023 թվականին զբաղեցրել է 77-րդ տեղը։
Իրավիճակի վատթարացման պատճառը, ըստ կազմակերպության, Վրաստանի կառավարությունն է։ Ինչպես գրել է RSF-ն, երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում է բևեռացնել հասարակությունը։