ru24.pro
World News in Armenian
Август
2024

Կառավարությունը հաստատեց սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը

0

Կառավարությունը հաստատեց սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակաուղղված է սպանդանոցային սպանդի խթանմանը, սպանդանոցները որպես լոգիստիկ կենտրոն ներկայացմանը, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարողների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը և ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսի մատակարարման գործընթացի բարելավմանը»,- ասաց Պապոյանը։ 

Նրա խոսքով՝ ներկայում մսի արժեշղթայում գործող ԱԱՀ և շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները գործում են անհավասար մրցակցային պայմաններում, իսկ ոչ պատշաճ վարչարարության հետևանքով շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները ԱԱՀ վճարող համարվելուց խուսափելու նպատակով չեն փաստաթղթավորում իրական շրջանառությունը։

«Նախագծով առաջարկվում ենք նախագծի ընդունումից հետո մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրել սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող գումարների դրական տարբերության 75 տոկոսի չափով աջակցություն»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ աջակցությունը չի տրամադրվում ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններից գյուղատնտեսական կենդանիների գնումներ չիրականացնող) սպանդանոցներին և խոշոր եղջերավոր կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով մատուցված ծառայության դիմաց։