Իրանը, անշուշտ, կպատասխանի Իսրայելին, բայց այնպես, որ չներքաշվի պատերազմի մեջ. իրանագետ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նախօրեին սպանվել է Թեհրանում: Tert.am-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանն ընդգծեց, որ սա թեև իր բնույթով առաջին դեպքն է, երբ այլ երկրի պաշտոնյան սպանվում է Իրանում, բայց Իրան-Իսրայել հակամարտության կոնտեքստում Իրանին թիրախավորելու առաջին դեպքը չէ:
«Եթե հիշում ենք, ամիսներ առաջ Սիրիայում թիրախավորվել էր Իրանի դեսպանատունը, զոհվել էին իրանցի պաշտոնյաներ, բացի այդ վերջին տարիներին շատ ինտենսիվ են եղել իրանցի զինվորականների սպանությունները Սիրիայում, թիրախավորվել են նաև Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյաներ: Հետևաբար սրանք համապարփակ գործողություններ են, որոնցից մեկը Հանիեի սպանությունն էր: Սա առաջին հերթին հարված էր Իրանի հեղինակությանը, քանի որ ստացվում է, որ Իրան ժամանած պաշտոնյայի անվտանգությունն ապահովել չի ստացվում: Իհարկե, իրանական կողմը պաշտոնապես չի մանրամասնել, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը, և ինչպես է եղել հարձակումը, ամեն դեպքում իրանական կողմը հայտարարում է, որ դրանով խախտվել է իր տարածքային ամբողջականությունը, ուստի համապատասխան կերպով կարձագանքի»,- ասաց նա:
Իրանագետի խոսքով՝ հերթական անգամ Իրանը հայտնվել է մի իրավիճակում, երբ պետք է պատասխանի Իսրայելին՝ միաժամանակ չներքաշվելով լայնածավալ ռազմական գործողությունների մեջ:
Այդպիսի իրավիճակ ստեղծվել էր Սիրիայում Իրանի դեսպանատան վրա հարձակման ժամանակ, որին Իրանը պատասխանեց հրթիռային հարվածներով: Այդ ժամանակ Իրանի գործողությունները պլանավորվել էին այնպես, որ քարոզչական մեծ աղմուկ հաներ, միաժամանակ գործնականում չհասցներ Իսրայելի մեկ այլ արձագանքի, որին արդեն կհաջորդեր պատերազմը: Այս անգամ ևս Իրանը կանգնած է այդ դիլեմայի առջև՝ պատասխանել, քանի որ հակառակ պարագան կհեղինակազրկի իրեն, բայց պատասխանել այնպես, որ դրան չհաջորդի լայնածավալ պատերազմը: Հնարավոր է՝ Իրանը կրկին հրթիռային հարվածներ փորձի հասցնել, կամ նման բնույթի այլ գործողություններ, բայց Իրանի գլխավոր խնդիրը հետևյալն է՝ չներքաշվել պատերազմի մեջ, որին տարիներ շարունակ փորձում են նրան ներքաշել»,- ընդգծեց Վարդանյանը:
Դիտարկմանը, որ Իրանի հոգևոր առաջնորդը «խիստ պատիժ» է խոստացել, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ «Իրանը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունը, պատիվն ու հպարտությունը և կստիպի ահաբեկիչներին զղջալ Թեհրանում վախկոտ արարքի համար», արդյո՞ք սրանք մի փոքր ավելին չեն և չեն հանգեցնի որոշակի ռազմական գործողությունների, Վարդանյանն ասաց․ «Այդ հայտարարությունները, երբ խոստանում են հուժկու, փոշմանեցնող պատասխան, իրենց մեջ ավելի շատ քարոզչական բաղադրիչ են պարունակում, ինչպես և վրեժի դրոշ բարձրացնելը: Գործնականում Իրանի գործողություններն այլ կարող են լինել: Անգամ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանը պատասխանեց այնպես, որ դա չվերածվի լայնածավալ ռազմական գործողությունների: Հիմա Իրանը պետք է ցույց տա, որ դեմ գործողությունն անպատասխան չի մնում, հավանական սցենարը նորից հրթիռային հարված հասցնելը կարող է լինել»:
Նշենք, որ Իսմայիլ Հանիեի սպանությունը լայն արձագանք է ստացել, Սինգապուրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «Channel News Asia» ալիքին ասել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի Հանիեի սպանության հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խստորեն դատապարտել է «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը և խոստացել Թուրքիայի հետագա աջակցությունը Գազայի հատվածին։
Հանիեի սպանությանն արձագանքել է նաև «Թալիբան» շարժումը։ Շարժման խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդն այն անվանել է «մեծ կորուստ իսլամական ազգի համար», իսկ Իրանի նախագահ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի և Պաղեստինի «երկու հպարտ ժողովուրդների միջև կապն ու դիմադրության, ճնշվածների պաշտպանության ուղին ավելի ամուր կլինի, քան երբևէ»։