ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Հայաստանի և Ադրբեջանի տարածքով անցնող նոր երթուղու ստեղծմամբ՝ վերջիններս ավելի քիչ կախվածություն կունենան ՌԴ-ից և Չինաստանից․ Ջեյմս Օ՛Բրայեն

0

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի դիտարկմամբ՝ եթե հաջողվի բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա վերջիններս շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի լայն մուտք կունենան համաշխարհային շուկաներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նա կարևորել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հանգամանքը․

«Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան դեպի համաշխարհային շուկաներ»,-նշել է Օ՛Բրայենը՝ հավելելով, որ այս ամենի նպատակն այն է, որ պետությունները կարողանան ինքնուրույն որոշել դեպի միջազգային շուկաներ դուրս գալու ուղիները։ 

Ջեյմս Օ՛Բրայենն անդրադարձել է նաև դիտարկմանը, որ վերջին տարիներին Ադրբեջանն ուժի միջոցով գրավել է Հայաստանի սահմանային որոշ տարածքներ, ինչի հետևանքով վերջինս այժմ բախվում է անվտանգային սպառնալիքների։ 

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը, ինչի իրականացումը, սակայն, ձախողել է, քանի որ  դրանից հետո Ադրբեջանը կարողացել է ռազմական գործողությունների միջոցով վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի հարակից որոշ շրջանների նկատմամբ։ 

Օ՛Բրայենը նշել է, որ որպես այս ամենի արդյունք՝ Հայաստանի բնակչությունը փոխել է իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։ Նա նաև հավելել է, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին, որպեսզի վերջինս դուրս բերի իր սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից։ 

Նա նշել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ խաղաղությանն ուղղված ջանքերին՝ կարծիք հայտնելով, որ ինչպես Երևանն, այնպես էլ Բաքուն հիասթափված են իրենց հարաբերությունների կարգավորման գործում ՌԴ-ի ներգրավվածությունից։ 

The post Հայաստանի և Ադրբեջանի տարածքով անցնող նոր երթուղու ստեղծմամբ՝ վերջիններս ավելի քիչ կախվածություն կունենան ՌԴ-ից և Չինաստանից․ Ջեյմս Օ՛Բրայեն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.