ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Գումարը վերադարձվելու է հաճախորդների հաշվին՝ գործարքի բողոքարկման բավարարման դեպքում. ԿԲ-ն՝ Ինեկոբանկի հաճախորդների հաշվից գումար «պակասելու» մասին

0

Վերջին շրջանում Tert.am-ի խմբագրություն են դիմել մի շարք քաղաքացիներ, որոնք դժգոհել են, որ Ինեկոբանկի իրենց հաշիվներից գումարներ են պակասում: Համացանցում ևս շատ են դեպքերը, երբ օգտատերերը տարբեր հրապարակումների և գրառումների ներքո մեկնաբանել են, որ նույն խնդիրն առկա է իրենց մոտ, և պարբերաբար իրենց հաշվից կամ գումար է պակասում, կամ գործարքը չի ստացվում, բայց գումարը հանվում է իրենց հաշվից:

Ինեկոբանկն էլ վերջերս պարզաբանում է ներկայացրել, որտեղ ընդունում է, որ բանկում առկա են տեխնիկական խնդիրներ, ինչն անհարմարություններ է ստեղծել հաճախորդների համար:

Tert.am-ը պարզաբանում է խնդրել Կենտրոնական բանկից այն մասին, թե տեղյա՞կ է արդյոք Կենտրոնական բանկն այս դեպքերից, ի՞նչ է անում այս առնչությամբ, ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կամ պատրաստվում ձեռնարկել նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԿԲ-ից հայտնել են, որ Կենտրոնական բանկն իր կողմից վերահսկվող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ ազդակներ ստանում է տարբեր աղբյուրներից:

«Բարձրաձայնված դեպքերի մասով նշենք, որ արձանագրված խնդիրները պայմանավորված են եղել Ինեկոբանկի համակարգերի վերազինման աշխատանքներով: Մեր գնահատմամբ, Ինեկոբանկի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տեղի ունեցած խնդիրների հետևանքները վերացնելու, ինչպես նաև նոր համանման խնդիրների առաջացումը կանխելու ուղղությամբ: Նշված խնդիրների վերաբերյալ Ինեկոբանկն իր պաշտոնական կայքում հանդես է եկել նաև համապատասխան հայտարարությամբ: Եթե առկա են դեպքեր, որոնցով վերջինս պատշաճ եղանակով չի արձագանքել հաճախորդների խնդիրների կարգավորմանը, ապա խնդրում ենք հաճախորդներին ուղղորդել, որպեսզի դիմեն ԿԲ-ին»,- հաղորդել են Կենտրոնական բանկից:

Ինչ վերաբերվում է բանկի հաճախորդների գումարները «պակասելու» դիտարկմանը, ապա ԿԲ-ից հայտնել են, որ հնարավոր են դեպքեր, երբ հաճախորդներին ծառայությունը չի մատուցվել և/կամ գործարքը մերժվել է տվյալ պահին, սակայն հաճախորդների հաշվից իրականացվել է գումարի նվազեցում։

«Համանման խնդիրները կարգավորվում են համապատասխան վճարային համակարգերի բողոքարկման կանոնների համաձայն, ուստի՝ հաճախորդների կողմից ներկայացված բողոքները դիտարկվել կամ դիտարկվում են և գործարքի բողոքարկման բավարարման դեպքում գումարը վերադարձվել կամ վերադարձվելու է հաճախորդների հաշվին»,- նշված է ԿԲ-ի պատասխան նամակում: