Երևանի քաղաքապետարանը բյուջեի նախորդ տարվա սեփական եկամուտները 39 մլրդից հասցրել է 64 մլրդի. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է այս տարվա առաջին կիսամյակում իրականացված, ընթացքի մեջ գտնվող, ինչպես նաև առաջիկայում պլանավորված աշխատանքները:
Ավինյանի խոսքով՝ այս տարի աննախադեպ ծավալով իրականցվել են փոսերի նորոգման աշխատանքներ, միջին նորոգման աշխատանքներ:
«Ունեցել ենք խնդիրներ հիմնականում պայմանավորված եղանակային պայմանների հետ, բայց արդեն իրականացված աշխատանքի ծավալները աննախադեպ մեծ են։ Այս տարվա ավարտին մեր ընդհանուր ճանապարհային ցանցի վիճակն էականորեն ավելի լավն է լինելու, քան նախորդ տարիներին է եղել:
Ինչ վերաբերում է հեղեղումներին, հեղեղատարների սպասարկման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, և, հաշվի առնելով իրավիճակը, համայնքն իր հերթին նախաձեռնել է գործընթաց, որը հիմա քննարկում ենք: Գույքագրել ենք մայրաքաղաքում առկա հեղեղատար համակարգի վիճակը»,- ասաց նա:
Քաղաքապետի խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունում ներդրումային տեսանկյունից բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում և հետևապաս առաջինն ինչ առաջարկել է քաղաքապետարանը կառավարությանը՝ դա պայամանգրային վերանայումն է, որը թույլ կտա Երևանի քաղաքապետարանին էական ծավալով ներդրումներ իրականցնել ջրային համակրգերում: Ավինյանը վստահություն հայտնեց, որ լուծումներ այս տարի կլինեն:
«Նախորդ տարի Երևան քաղաքը իր նախաձեռնությամբ կառուցել է մոտ 14 կմ կոյուղի, այս տարի նույնպես նմանատիպ ծավալի աշխատանք է իրականացվում։ Շարունակաբար իրականացնելու ենք շուրջ 350 հասցեներում մոտ 70 կմ երկարություն ունեցող խնդրահարույց կոյուղագծերի վերակառուցում, իսկ 39 հասցեներում մոտ 14 կմ երկարության կոյուղիների նորոգման աշխատանքներ»,- նշեց նա։
Ավինյանը տեղեկացրել է, որ աննախադեպ քանակով հիմնանորոգվել են նախակրթարաններ, մանկապարտեզներ և նախատեսել են թվով 32 մանկապարտեզների վերակառուցում՝ էներգաարդյունվետության և սեյսմակայունության բաղադրիչով, որի ֆինանսավորումն արդեն իսկ հաստատվել է:
«Կոմունալ ծառայությունների ոլորտում մեծ ծավալով աշխատանքներ ենք իրականցնում, նախատեսել ենք 500 վերելակի փոխարինում՝ ըստ խնդրահարույց հասցեների: Այս ծրագրերն իրականցվում են Երևան քաղաքի բյուջեով: Երևանի բյուջեն նախորդ տարվա սեփական եկամուտները 39 մլրդից հասցրել է 64 մլրդի, ինչն էլ թույլ է տալիս իրականցնել այս բազմածավալ ծրագրերը»,- ընդգծել է քաղաքապետը:
Ավինյանի խոսքով՝ աղբահանության ոլորտում են եղել որոշակի խնդիրներ այս սեզոնի հետ կապված, ախտորոշվել են խնդիրները ձեռք է բերվել նոր տեխնիկա:
«Ապամոնտաժվել են 500-ից ավելի գովազդային վահանակներ, և սրան զուգահեռ նոր չափորոշիչների են համապատասխանեցվում գովազդային վահանակներն ամբողջ քաղաքով, էականորեն քաղաքի տեսքը փոխվում է նոր չափորոշիչներով, ահռելի աշխատանքներ են տարվում պոլիկլինիկաների նորոգման, հիմնանորոգման համար: Հնգամյակի ընթացքում բոլոր պոլիկլինիկաները վերանորոգվելու են»,- ասաց նա:
Տրանսպորտային համակարգի արդիականացման, նոր տրանսպորտի ձեռքբերման, տոմսային համակարգի ամբողջական ներդրաման, նոր կանգառասրահների տեղադրման շուրջ աշխատանքներն, ըստ Ավինյանի շարունակվում են:
«Ձեռք ենք բերել 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ, որոնք աշնանը կլինեն Երևանում: 50 նոր կանգառասրահների շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում և վերջնական ընտրությունից հետո կմեկնարկի այդ կանգառասրահների աշխատանքը: Մեզ մնում է 250 հատ 8,5 մետրանոց ավտոբուսի ձեռքբերում, որով կամբողջականացնենք տրասնպորտային պարկի արդիականացման մեր ծրագիրը»,- նշեց նա: