ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Նոր մանրամասներ՝ Դավիթ Բեկի փողոցում 8 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթարից

0

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Արտաշես Չագլասյանի վարած «ԶԻԼ» մակնիշի, 44-ամյա Տիգրան Ասլանյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները և Երևանի բնակիչ 47-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Արարատ Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի, 28-ամյա Ժիրայր Ազիզյանի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 75-ամյա Ղազար Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Սարգսյանի վարած «Toyota» մակնիշի և ինքնությունը դեռ չպարզված անձի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ա․ Չագլասյանը և «Volkswagen»-ի վարորդը տեղում մահացել են, իսկ «Volkswagen»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Սպարտակ Ավետիսյանը և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը կլինիկական մահ է տարել, ինչի հետևանքով սկզբում արձանագրվել է նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել է նրան վերակենդանացնել և այժմ տուժածը գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք՝ երեկ ութ ավտոմեքենայի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։