Համոզված եմ՝ համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության. Փաշինյանը՝ Փեզեշքիանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
« Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով շարունակական ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք անշեղորեն զարգանում են Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների շարունակական խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կայունության և բարգավաճման համատեքստում:
Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության»: