ru24.pro
World News in Armenian
Июнь
2024

Կոչ ենք անում չտրվել խnւճապային տրամադրություններին․ կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

0

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Դրա շրջանակում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, ինչպես նաև ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմերի համար այսօր՝ ժամը 15.00-ից հայտարարվել է հավաք։ Փրկարարական տեխնիկան բերվում է հատուկ պատրաստության՝ ըստ անհրաժեշտության իրականացնելու փրկարարական միջոցառումներ։

Միևնույն ժամանակ ՆԳՆ Փրկարար ծառայության անունից նույն մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցի տնօրեններ և այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։

ՆԳ նախարարության կողմից նույն մարզերում իրազեկումներ են իրականացվում նաև բարձրախոսներով, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում են հեղեղումներից առաջ, ընթացքում և հեղեղումներից հետո վարքագծի կանոնները։

Հորդորում ենք պահպանել զգոնություն, հետևել ներկայացված վարքագծի կանոններին, միևնույն ժամանակ կոչ ենք անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911»։