Հրդեհ՝ «Սևան ազգային պարկ»-ում. այրվել է 2,000 քմ եղեգնուտ
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ հունիսի 25-ին ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ։
Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների և ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։
Ինչպես հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 2000 քմ եղեգնուտ և չիչխանի ճյուղեր։
«Հարգելի քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանն իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային և բուսածածկ տարածքներում արգելվում է կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ»,-նշված է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունում: