Ես չեմ փախել, հանրային դաշտում օգտագործում եմ նորմատիվ բառապաշար․ հանրային մեղադրողը պետք է ընդունի՝ իր մտավախությունները չեն իրականացել․ Վազգեն Սաղաթելյան
Ես չեմ փախել, հանրային դաշտում օգտագործում եմ նորմատիվ բառապաշար․ հանրային մեղադրողը պետք է ընդունի՝ իր մտավախությունները չեն իրականացել։
Այս մասին դատարանում՝ նիստի ժամանակ հայտարարեց «Իմնեմնիմիի գործով» մեղադրյալ Վազգեն Սաղաթելյանը։
«Ես չեմ փախել, ես այստեղ եմ»,-արձագանքելով հանրային մեղադրողի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությանը՝ ասաց Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակ, «Իմնեմնիմիի գործով» մեղադրյալ Վազգեն Սաղաթելյանը։
Նա նշեց՝ իր տպավորությամբ այսօր հանրային մեղադրողը պետք է գար ու ընդուներ, որ իր կանխատեսումները, մտավախությունները չեն արդարացել։
«Ես չեմ փախել, ես հաղորդում չեմ վարում, հանրային դաշտում օգտագործում եմ նորմատիվ բառապաշար»,-ասաց նա՝ ընդգծելով, դա նշանակում է, որ դատավորի ընտրած վարչական վերահսկողության գործիքակազմն աշխատում է։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել էին երկու ամիս ժամկետով 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Այժմ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատված են կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել էր վարչական հսկողությունը։