Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր բաբոների, պապիկների անհասանելի երազանքն է եղել միշտ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Արձանագրումը հետևյալն է, որ մեր ժողովրդի շրջանում գնալով ավելի շատ ու լայնորեն ընկալվում է այն քաղաքական օրակարգը, որը մենք փորձում ենք այս օրերին դնել մեր պետության ռազմավարության հիմքում։
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիի ջրվեժի հարակից տարածքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ։
«Խոսքը իրական Հայաստանի հայեցակարգի և ռազմավարության, սահմանազատման գործընթացի մասին է։ Պետք է ասել, որ այս ամեն ինչը մեզ համար էլ է նորություն։ Հիմա Հայաստանում նոր գաղափարախոսություն է ձևավորվում, և ինձ համար ամենաորոշիչ գործոնը մեր ավագ սերնդի ներկայացուցիչների արձագանքն է։ Ես իրական Հայաստանի գաղափարախոսության մասին մտածելիս էլ, այն կարծիքին եմ, որ այս գաղափարախոսությունը օրգանական ձևով կապ ունի մեր բաբոների, մեր պապիկների գաղափարախոսության հետ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը պարզաբանեց, որ մեր տատիկ-պապիկների կյանքի ամբողջ գաղափարախոսությունը եղել է այն, որ թոռնիկների և երեխաների համար երջանիկ, բարեկեցիկ և խաղաղ ապրուստի հնարավորություն ստեղծի։
«Դա մեր տատիկների երազանքն է եղել միշտ, և որը անհասանելի երազանք է եղել։ Ես այս երկու օրը մտածեցի, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր տատիկների և պապիկների գաղափարաբանությունից է բխում ու սնվում։
Հայաստանն ինչքան էլ դժվար, բայց այնուամենայնիվ, ճիշտ ճանապարհով է շարժվում, և այդ ճանապարհը պետք է հետևողականորեն շարունակել, և այն ուժեղ օրգանական կապը, որ մենք ունենք մեր ժողովրդի հետ, մեզ երբեք թույլ չի տա, որ մենք մեր ժողովրդի ցանկությունների ու երազանքներից շեղվենք»,- հայտարարեց նա։