ru24.pro
World News in Armenian
Май
2024

Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը ուղիղ սպառնալիք էր ժողովրդին. ամսի 26-ին հանրահավաք է, ու ովքե՞ր են մասնակցում, ժողովուրդը. Ժաննա Ալեքսանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը 

– «…Եվ եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են ղեկավարել, և տեսնենք, թե նրանք ինչ ձևով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում։ Շատ վատ էին վարվում՝ կամ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ էլ ունեզրկվում էին։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք, դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք»: Տիկի՛ն Ալեքսանյան, սա հատված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այսօրվա ելույթից, ինչպե՞ս եք գնահատում իշխանական պատգամավորի այս ելույթը, կարելի՞ է սա դիտարկել որպես սպառնալիք՝ ուղղված ընդդիմությանը։

https://www.youtube.com/watch?v=ppDGWz_x7ic

– Դատապարտելի եմ համարում այդ ելույթը և ընդհանրապես վերջին շրջանում իր ագրեսիվ ելույթները, լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքը, այն ազատությունը, որն իրեն թույլ է տալիս։ Խիստ դատապարտելի է այն, որ նույն գործիքներով պետք է աշխատել «ձեզ հետ», այսինքն՝ եթե այս սպառնալիքը ՀՀ իշխանությունները չեն դատապարտելու և մինչև հիմա չեն դատապարտել Խաչատուր Սուքիասյանի նման պահվածքը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դա հենց իշխանությունների թողտվությամբ է, կամ իշխանությունների տրամադրություններն է փորձում փոխանցել Խաչատուր Սուքիասյանը։ 

Ինչպե՛ս կարող են խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություններ անել, ու իշխանությունները չարձագանքեն։ Այդ սպառնալիքն ուղղված է ոչ թե ընդդիմադիրներին, այլ՝ ժողովրդին, այսինքն՝ եթե պետք է միջոցներ կիրառեն այս շարժման դեմ, ապա տուժողը լինելու են քաղաքացիները։ Եթե հիշատակում է նախկին ժամանակները, ապա դուք գիտեք, որ տուժողը ժողովուրդն է եղել, ո՛չ ընդդիմության լիդերներն են տուժել, ո՛չ էլ իշխանության։ 

– Ձեր գնահատմամբ՝ սա ուղիղ սպառնալի՞ք էր ժողովրդին։

– Ես նման տպավորություն եմ ստանում, այսինքն՝ ո՞ւմ է ուղղված, որ նույն գործիքները կկիրառվեն։ Հանրահավաք է սպասվում ամսի 26-ին, ու ով է մասնակցում՝ ժողովուրդը, եթե նույն գործիքները կիրառվեն, ո՞վ է տուժելու՝ ժողովուրդը։ Ստացվում է այդպես, ես իհարկե հստակ չգիտեմ նրա մտադրությունը, բայց գիտեմ, որ միշտ տուժում է ժողովուրդը։ 

– Տիկի՛ն Ալեքսանյան, կարծում եք, որ այդ հանրահավաքով ու, ընդհանրապես, այս շարժմամբ պայմանավորված, ինչպես մինչեւ իշխանության գալը հենց Փաշինյանն էր սիրում ասել, իշխանությունը խուճապի մե՞ջ է, վախենո՞ւմ է։

– Այո՛, ես կարծում եմ, որ վախեր ունի։ Այն տրամադրությունները, որ կան, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Ռոբերտ Քոչարյանն է գլխավորում այդ շարժումը, ես համարում եմ, որ սա իրենց աջակցող ընդդիմությանը հերթական անգամ ներկայացնելն է: Ինչու եմ այսպես ասում, որովհետև նայելով գործերին, չի երևում, թե իրենք իսկապես ինչ-որ հակասություններ ունեն, որևէ մեկը չի դատապարտվել, «Մարտի 1»-ի գործը բարեհաջող փակել են։ 

Հիմա որ Նիկոլ Փաշինյանը տալիս է Ռոբերտ Քոչարյանի անունը, դա ի՞նչ է նշանակում, ուղղակի նախկինների տեսությունը շահարկելու նպատակով, որը մի քանի տարի է՝ իրենց օգնում է, այսինքն՝ նախկիններ-ներկաներ տեսությունով մի քանի տարի է՝ ապրում են։ 

Բայց հիմա, կարծում եմ, ժողովուրդը մի փոքր հասունացել է, այն, որ ժողովուրդը ոտքի կանգնեց Կիրանցի դեպքերից հետո, դա ընդդիմության հարցը չէ, նախկինները շատ են հանրահավաքներ արել, բայց ժողովուրդը ոտքի չի կանգնել։ Հիմա ժողովուրդն իրոք զգում է, որ անվտանգության խնդիրներ կան, ես խորապես մտահոգված եմ Կիրանցի «Կոլցո» օպերացիայով, այդ մարդիկ մենակ էին, Սրբազանը կանգնեց նրանց կողքին։ 

Եթե իշխանությունը տեր չի կանգնում, հոգևորականն է գնացել, տեր կանգնել, ու ես ժողովրդի ոտքի կանգնելը կապում եմ հենց այն փաստի հետ, որ նրանք իսկապես տեսել են, որ այս երկիրը գնում է անընդունելի ուղղությամբ, ու մարդիկ ուղղակի վտանգի տակ են։ 

Սա է ոտքի հանել ժողովրդին, ես չեմ ասում, որ հարյուր տոկոսն է ոտքի կանգնել, բայց որ լուրջ դիմադրություն կա, դա տեսանելի է։ Լսելով Ալեն Սիմոնյանի հիստերիկ ելույթները, անընդունելի խոսույթն ու պահվածքը՝ տեսնում ենք, որ, այո՛, հիստերիկայի մեջ են։ Ինչպե՞ս կարող է, ի՞նչ համարձակությամբ Խաչատուր Սուքիասյանը կարող է խորհրդարանի ամբիոնից այդպիսի հայտարարություն անել, ուրեմն կա թողտվություն, եթե չեն զսպում իրենց պատգամավորին, ուրեմն կա նման հայտարարություն անելու ցուցում։ 

– Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը, որը «նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ Կառավարության, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը»։

– Տեսեք, եթե հատկապես նշում են հանրահավաքի մասին, սա ևս լրացուցիչ դեպք է, որը կապված է այդ հանրահավաքի ու այլնի հետ։ Չի բացառվում, ինչպես նախկինում ինչ-որ սարքովի գործերով, բազմաթիվ այդպիսի գործեր ուներ Սերժ Սարգսյանը, օրումեջ զինված հարձակումների մասին էր խոսվում, նույնը անում են սրանք։

-Կարծում եք, որ Սուքիասյանի հայտարարությունը, այս ձերբակալությունը կապված են նախատեսվող հանրահավաքի հե՞տ։

– Այո՛, կարծում եմ, որ կապված է ժողովրդական շարժման հետ, ես այն ընդդիմադիր չեմ համարում, որովհետև չեմ համարում, որ նրանց հետևում նախկիններն են, ռուսներն են կամ մեկ ուրիշները։ Սա ՀՀ քաղաքացիների կուտակված բողոքն է, մարդիկ նաև վերջապես կոտրեցին այն տաբուն, որ կար։ Գիտեք, որ արգելված էր Արցախ անունը հնչեցնել, մենք որ լուսաբանում էինք զինվորների մահվան դեպքերը, Արցախից բերված դիերը, թույլ չէին տալիս Արցախի դրոշը տարածել այդ դագաղների վրա, նման արգելքներ կային։

Նկատեմ նաև, որ Խաչատուր Սուքիասյանի ելույթում տեղ էր գտել արցախցիների թեման, ասում է, որ արցախցիները գնում են այդ հանրահավաքներին: Իսկ ինչո՞ւ չպետք է գնան, կամ ասում է, որ արցախցիներն այստեղ ոչ մի ֆինանսական պրոբլեմ չունեն, արցախցիներն այստեղ բոլոր հարցերում պրոբլեմներ ունեն։ 

Դրանք լկտի հայտարարություններ են, այդ ի՞նչ ֆինանսական հատկացումներ եք արել, որ արցախցիները պրոբլեմներ չունեն, կարո՞ղ է դու էիր ֆինանսավորում արցախցիներին, պարո՛ն Սուքիասյան, հերիք է, հանգիստ թողեք բռնություն տեսած, ամեն ինչ կորցրած այդ մարդկանց։ 

Սա հերթական պառակտումն է, որն այս իշխանության քաղաքականությունն է, և Խաչատուր Սուքիասյանը փորձում է Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել, ավելի շատ սիրաշահել իշխանություններին արցախցիների հաշվին։ Երևի թե ամենաշատը նրանց հուզում է այն, որ կոտրել ենք Արցախ անունը չհնչեցնելու տաբուն, Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակի վրա դա երևի խիստ ազդել է։ 

– Նման հայտարարություններով, գործողություններով իշխանությունը կկարողանա՞ ճնշել այս շարժումը, թե՞ ոչ, տիկի՛ն Ալեքսանյան։ 

– Եթե իշխանությունը գնա նման քայլերի, ուղղակի կարագացնեն այդտեղից իրենց դուրս թռչելու գործընթացը։ Եթե «ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է շարունակի մնալ իր աթոռին, կգնա նման քայլերի, կարող է փորձել զորքով, բանակով, իր անթիվ-անհամար ոստիկաններով ճնշել այդ շարժումը, բայց, հուսամ, դա ոչ մի օգուտ չի տալու իրենց իշխանության մնալուն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը ուղիղ սպառնալիք էր ժողովրդին. ամսի 26-ին հանրահավաք է, ու ովքե՞ր են մասնակցում, ժողովուրդը. Ժաննա Ալեքսանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.