Կխորհրդակցեմ ղեկավարության հետ, որոշում կկայացնեմ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն՝ իր հրաժարականի մասին
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը կխորհրդակցի իր ղեկավարության հետ, հետո համապատասխան որոշում կկայացնի` հրաժարական տա՞լ, թե՞ ոչ։
Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի դիտարկմանն ի պատասխան, թե աշխատակիցների խոսքով` ավտոբուսները դուրս կգան երթուղի, եթե նա հրաժարական տա։
«Ես կխորհրդակցեմ իմ ղեկավարության հետ, նոր համապատասխան որոշում կկայացնեմ»,– հայտարարեց նա։
Քննարկմանը ներկա «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր հերթին նկատեց, որ աուդիտը դեռ չի ավարտվել, բայց արդեն նշանակված է պատասխանատու։
«Միգուցե աուդիտը ավարտվեր, հետո ավելի լեգիտիմ կլիներ ամեն ինչ։ Այս դեպքում որևէ մեկը ձեր նկատմամբ պահանջ չէր ունենա ու հասկանալի կլիներ, թե այդ վատնումների ու թերացումների համար ովքեր են պատասխանատու»,– նշեց Սուքիասյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քիչ առաջ եկան հավաքակայան, որտեղ բողոքի ակցիա են անցկացնում հասարակական տրանսպորտի վարորդները։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:
Վարորդներն, այնինչ, միաձայն հայտարարում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, դրա համար էլ նրա հետ աշխատել չեն ուզում, իրենց նախկին ղեկավարների վերադարձն են պահանջում։