Լյուքսեմբուրգի պալատը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողությունները, որոնց արդյունքում 100 հազար հայ գաղթել է ԼՂ-ից․ Ալեն Սիմոնյան
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն ամուր և աճող են։
Նա նշեց, որ Վիզլերն ու այստեղ ներկա գտնվող գործընկերներն այն մարդիկ են, որոնց ջանքերով Լյուքսեմբուրգի դիրքորոշումը հստակ է Հայաստանին վերաբերող հարցերում։
«Դրա վկայությունն է Լյուքսեմբուրգի պալատի ղեկավարների կողմից այս այցին ընդառաջ ընդունված Հայաստանին աջակցող ընդարձակ բանաձևը, որն անդրադառնում է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերին»,- ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ բանաձևը վերաբերում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կարևորությանը։
«Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված և չարդարացված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100 հազար հայի գաղթը Լեռնային Ղարաբաղից, ընդգծում Հայաստան-ԵՄ և Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների խորացման կարևորությունը»,- ասաց նա։
ԱԺ նախագահը նշեց, որ այսօր Վիզլերի հետ քննարկել են այս տեսլականի մանրամասները՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու Լյուքսեմբուրգի հետ համագործակցությունն առանց որևէ սահմանափակման՝ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանական համագործակցության, դիվանագիտական հարաբերությունների խորացումից մինչև տնտեսական, գիտական, կրթական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնումով։
Սիմոնյանը հայտնեց, որ Վիզլերը ելույթ է ունենալու ԱԺ նիստերի դահլիճում, ինչն աննախադեպ իրադարձություն է։