ru24.pro
World News in Armenian
Май
2024

Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. ՍիվիլՆեթ

0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ֆինանսավորման աղբյուրների ու ծախսերի շուրջ սկանդալը չի ավարտվում։

Մարտի 7-ին ՍիվիլՆեթն իր գործընկեր OCCRP-ի հետ հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են իրենց նվիրատվություններից, մի քանիսն էլ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն էին կատարել կուսակցությանը։ Պարզվում է՝ «Թրասթ աուդիտ» աուդիտորական կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը՝ համարելով, որ այն ճշմարիտ չի արտացոլում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի, գույքի, պարտավորությունների մասին տվյալները։

Ի՞նչ է հայտնաբերել աուդիտորական կազմակերպությունը

«Թրասթ աուդիտ»-ը կուսակցության տարեկան հաշվետվությունը անարժանահավատ համարելու հիմքում մի քանի փաստ է դրել.

  1. 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած հինգ անձ օրենքով սահմանված սահմանաչափից ավելի գումարներ են փոխանցել՝ 5,9 միլիոն դրամի չափով։ Օրենքի կարգավորման համաձայն՝ երբ սահմանաչափը գերազանցվում է, գումարը պետք է հետ փոխանցվի նվիրատուին, այնինչ ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ այդ գումարները հետ չեն փոխանցվել նվիրատուներին։ Եթե անհնար է գումարը հետ փոխանցել նվիրատուին, պետք է փոխանցել պետական բյուջե, բայց ՔՊ-ն այս գումարը նաև բյուջե չի փոխանցել։
  2. 2022-ին մեկ անձ 2,4 միլիոն դրամի չափով անանուն նվիրատվություն է կատարել ՔՊ-ին։ Անանուն նվիրատվությունը օրենսդրությամբ արգելված է և անանուն նվիրատվություն ստանալու դեպքում կուսակցությունը պարտավոր է այդ գումարը փոխանցել պետական բյուջե։ Ըստ աուդիտորի՝ գումարը ՔՊ-ն չի փոխանցել պետական բյուջե։
  3. «Քաղաքացիական պայմանագրի» քարտային հաշվից 2022-ի ընթացքում 11,3 միլիոն դրամի կանխիկացում է կատարվել, այնինչ կուսակցությունների մասին օրենքը պարտադրում է՝ կուսակցությունը բոլոր գործարքները պետք է կատարի անկանխիկ։
  4. Աուդիտորական կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2022-ին ՔՊ-ն ստացել է 207,2 միլիոն դրամի նվիրատվություններ, բայց ֆինանսական հաշվետվության համապատասխան տողում ներկայացրել է 168,7 միլիոն դրամի նվիրատվություններ։
  5. ՔՊ-ն 2022-ի ընթացքում փաստացի հավաքել է 9,3 միլիոնի անդամավճարներ, սակայն հաշվետվությունում ներկայացրել է, որ հավաքված անդամավճարները կազմել են 24,6 միլիոն։
  6. Ըստ աուդիտի՝ 2022-ի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» 4,2 միլիոն դրամի հարկային պարտքեր է ունեցել, որը որևէ ձևով չի արտացոլել հաշվետվության մեջ։
  7. Կուսակցությունը իր տարեկան հաշվետվության «մուտքեր» բաժնում չի արտացոլել 23,7 միլիոն դրամի չափով նվիրատվությունները և մոտ 23 միլիոն դրամի չափով ելքերը։
  8. «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2022-ին 15,5 միլիոն դրամի գույքի վարձակալական պայմանագրեր է կնքել 11 անձանց հետ։ Աուդիտորական կազմակերպությունը փաստել է՝ վարձակալության պայմանագրերը հասանելի չեն եղել, որպեսզի ստուգեն դրանց շուկայական արժեքներն ու գնահատեն դրանք։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

The post Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. ՍիվիլՆեթ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.