ru24.pro
World News in Armenian
Май
2024

Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

0

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:  

Այս որոշումը ընդունվել է այսօրվա Երևանի ավագանու նիստի ժամանակ:

Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի ուսանող էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։

Սվետլանա Գրիգորյանի արվեստում բեկումնային դերը եղել է Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»), Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։

Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Սվետլանա Գրիգորյանը կյանքից հեռացել է 2014 մայիսի 12-ին: