ԵՄ-ից թիմ ուղարկելը մեր ներքաղաքական գործերին խառնվել է. երբևէ այսքան բացահայտ նման բան չի արվել. Դավիթ Խաժակյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը
– Պարո՛ն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման թիմ է ուղարկելու Հայաստան՝ օգնելու հակազդել ընտրություններին ընդառաջ սպասվող սպառնալիքներին: Ի՞նչ սպառնալիքներ եք դուք նկատում:
– Այս թեման ավելի վաղ դեռ շրջանառվել է, երբ խոսվում էր Մոլդովայի փորձը Հայաստանում կիրառելու մասին: Մենք հիշում ենք, որ Մոլդովայում մի շարք ուժերի մասնակցությունը ընտրություններին սահմանափակվեց, ու դա, ըստ ամենայնի, տարբեր մասնագետների խորհուրդներով էր պայմանավորված՝ ուղղված երկրի իշխանություններին, վստահաբար ոչ տարբեր իրավական գործընթացներով, այլ պարզապես իշխանության երկարաձգման իմաստով:
Բնական է, որ մասնագետների խումբը շատ ավելի լավ կարող է իշխանություններին խորհուրդ տալ, թե ինչպիսի գործիքներ կարող են կիրառել ընդդիմության մասնակցության սահմանափակման իմաստով, քան իշխանությունները իրենց սեփական փորձով որևէ բան հնարեն: Այս առումով, կարծում եմ, որ այդ մասնագետների գործողություններն ուղղված են լինելու ՔՊ-ի՝ ընտրություններին մասնակցելու աջակցությանը, իսկ ավելի ստույգ՝ այլ ընդդիմադիր ուժերի դեմ հակազդելուն:
– Ի՞նչ գործիքակազմերով են հակազդելու:
– Ժամանակակից քարոզարշավները հիմնված են տարբեր տեղեկատվական գործիքներ կիրառելու վրա՝ թե՛ գովազդը, թե՛ տարբեր հարթակներ՝ Ֆեյսբուքը և այլն, քանի որ քարոզարշավները շատ հաճախ կառուցվում են նման մեդիա գործիքների հիման վրա, այդ մասնագետների խումբը կարող է աջակցել իշխանություններին՝ ցույց տալու, թե ինչպես է հնարավոր սահմանափակել այլոց տեսանելիությունը: Մենք գիտենք, որ դրանք հիմնականում արևմտյան գործիքներ են, ինչպես, օրինակ՝ ճիշտ կերպով բողոք ներկայացնել Ֆեյսբուքին, որ այս կամ այն գործչի ֆեյսբուքյան էջը սահմանափակվի:
Վստահաբար, ԵՄ-ից եկած մասնագետները շատ ավելի քաջատեղյակ կլինեն այդ ամենին, քան մեր տեղական մասնագետները: Ի վերջո, երբ տարբեր հարցումների միջոցով հասկանան, թե որքան վատ է իշխանությունների վիճակը, ու ըստ այդմ խորհուրդ տան, թե ինչպես սահմանափակել այս կամ այն ուժի մասնակցությունը ընտրություններին, իհարկե մեղմ կլինի, եթե ասեմ, որ այս ամենը մեր ներքաղաքական գործերին խառնվել է, բայց նման բան երբևէ այսքան բացահայտ չի արվել :
– Ի՞նչ գործոններով եք պայմանավորում, որ այս գործընթացները հիմա ավելի բաց և տեսանելի են դարձել հանրության համար։
– Ենթադրում եմ, որ ընտրական գործընթացներին լինելու են ապօրինի միջամտություններ, նկատի ունեմ սահմանափակումների իմաստով, եթե դա արվի քողարկված կամ ճիշտ ձևակերպումներով, ապա ԵՄ տարբեր կառույցներ, այդ թվում նաև՝ իրավապաշտպան կառույցներ նման հարցերին ավելի տոլերանտ, հանդուրժողաբար կմոտենան: Օրինակ՝ կարելի է սահմանափակել որևէ ընդդիմադրի մասնակցություն ու անունը դնել բռնաճնշում, ու կարելի է դա անել այլ ձևով՝ անունը դնել հիբրիդային պատերազմի դեմ հակազդում: Սրանից հարցի էությունը չի փոխվում, այդ ձևակերպումները ավելի ընկալելի են դառնում ԵՄ տարբեր դերակատարների համար:
– Նման սպառնալիքներ դուք տեսնո՞ւմ եք:
– Նման սպառնալիք կարող ենք դիտարկել աշխարհաքաղաքական տարբեր կենտրոներից՝ թե՛ ԵՄ-ից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Ռուսաստանից: Մեր օրերում նման միջամտությունը դարձել է բնական, այլ հարց է, թե իշխանությունն ու իրավապահ մարմինները որ դեպքում ու ինչպես են դրան դիրքավորվում, ու, առհասարակ, հասարակությունը դրան ինչպե՞ս է արձագանքում: Մոլդովայի ընտրությունների ժամանակ Մայա Սանդուի վերընտրության հիմնական գործոնը ԵՄ-ում քվեարկողների թիվն էր, որն ընդունվեց լեգիտիմ կերպով ամբողջությամբ:
Հիմա Հայաստանում մտացածին կերպով բարձրաձայնվում է օտար պետությունից մի քանի տասնյակ հազար մարդկանց մասնակցության գործոնը, որը կա, չկա՞, ոչ ոք չգիտի, ապացույցներն առ այս պահը չեն մատնանշվել, բայց հնարավոր է՝ այս մտացածին գործոնը հիմք տա իշխանությանը կամ համապատասխան մարմիններին արգելելու որոշ անձանց ու ուժերի մասնակցությունը ընտրություններին: Դրա անունը կդրվի հիբրիդային պատերազմի դեմ հակազդեցություն, ասածս այն է, որ նման ազդեցություն բոլոր կողմերից էլ ակնհայտ կա, բայց այլ հարց է, թե իշխանությունը ո՞ր կողմում է գործում, ու ո՞ր կողմի հավանությունը ունի այդ հակազդեցությունն իրականացնելու:
– Պարո՛ն Խաժակյան, ձեր գնահատմամբ՝ ո՞ր քաղաքական ուժը կամ միավորումն է թիրախում, որ կարող է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկվել:
– Կարծում եմ, ՔՊ-ից ու սատելիտ ուժերից բացի՝ մնացյալ բոլորը թիրախի տակ են, մնացյալ բոլոր-բոլորը: Այսինքն՝ եթե մենք հանենք այն ուժերին, որոնք սատարում են գործող իշխանությանը, օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահն ուղղակիորեն ասում է՝ եկեք թույլ չտանք այս կամ այն ուժին մասնակցել ընտրություններին, բնական է, որ իրենք չունեն այդ խնդիրը, իրենք ջատագովն են, որ ընտրություններին լինի նման ապօրինի միջամտություն: Մնացյալ բոլոր ուժերի նկատմամբ այդ հիբրիդային հակազդեցությունը կիրառելի է:
Հասկանալի է, որ ֆոն են նախապատրաստում, եթե իրենք զգան, որ սոցիոլոգիական իմաստով չեն կարողանում ընտրություններում հաղթել, այսինքն՝ տեսնում են, որ հնարավոր է այնքան ընդդիմադիր ուժ անցնի խորհրդարան, որոնց կոնսոլիդացիան կդարձնի իշխանությանը փոքրամասնություն, վստահ եմ, որ այս նախապատրաստումները կդառնան արդեն առարկայական: Պայմանականորեն՝ կձայնագրեն որևէ մեկին, որը գումար է ստացել ու դրա հիմքով պետք է որևէ ուժի օգտին քվեարկի, ապա դա կհամարվի ապացույց, ու այդ հիմքով կարգելեն տվյալ ուժի մասնակցությունը: Եթե լինի դրա կարիքը՝ կանեն, բայց քանի որ կա լուրջ ռիսկ, հիմա մշակում են այդ ամենը, ու այդ ֆոնին, վստահ եմ, որ ԵՄ արագ արձագանքման խումբը իշխանությանը լրջագույն աջակցություն կցուցաբերի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post ԵՄ-ից թիմ ուղարկելը մեր ներքաղաքական գործերին խառնվել է. երբևէ այսքան բացահայտ նման բան չի արվել. Դավիթ Խաժակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
