Արմեն Դուլյան «Դու կորած ես այն օրվանից, երբ հայտնվեցիր այստեղ՝ Ամերիկայում»
0
Լոս Անջելեսի փողոցով քայլելիս ոչ միայն հայ, այլև ցանկացած մարդ հանդիպելը մեծ երջանկություն է, քանզի Լոս Անջելեսում ոչ ոք չի քայլում։ Այստեղ բոլորը մեքենայով են ՝ դպրոցական, պապիկ, տատիկ… Եվ երբ հայաստանցին հպարտությամբ պատմում է, թե իր, ասենք, եղբոր ընտանիքը Լոս Անջելեսում է և արդեն չորս մեքենա ունի, դա ամենևին էլ տվյալ ընտանիքի անսահման հնարավորությունների մասին չի վկայում։ Չորսհոգանոց ընտանիքը ոչ թե հնարավորություն ունի չորս մեքենա գնելու, այլ պարզապես հնարավորություն չունի այդքան մեքենա չգնելու, քանզի հասարակական տրանսպորտը օվկիանոսի ափին տասնյակ կիլոմետրերով փռված այս քաղաքում գրեթե իսպառ բացակայում է, և առանց մեքենայի դու պարզապես կորած ես։
