Ամերիկացիների գրեթե կեսը դեմ է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու գաղափարին. հարցում
ԱՄՆ բնակիչների գրեթե կեսը՝ 47 տոկոսը, չի հավանում երկրի նախագահի նախաձեռնությունները Դանիային պատկանող ինքնավար տարածքի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու վերաբերյալ։ Այդ մասին վկայում են Reuters-ի պատվերով անցկացված Ipsos-ի վերջին հարցման արդյունքները։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հարցված ամերիկացիների 17 տոկոսը աջակցում է Գրենլանդիայի «միացման» գաղափարին, մինչդեռ 35 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել։ Միաժամանակ հարցվածների մեծամասնությունը՝ 71 տոկոսը, ռազմական ուժի կիրառումը կղզին վերահսկողության տակ վերցնելու համար համարում է «վատ գաղափար»։ Միայն 4 տոկոսն է նման սցենարը գնահատում որպես «լավ»։ Հարցվածների շուրջ երկու երրորդը համոզված է, որ նման քայլերը կվնասեն ԱՄՆ-ի հարաբերություններին եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի դաշինքի հետ։
Միևնույն ժամանակ ամերիկացիների կարծիքները տարբեր են Գրենլանդիայի ռազմավարական նշանակության հարցում։ Հարցվածների 33 տոկոսը կղզին համարել է ռազմավարականորեն կարևոր ԱՄՆ-ի համար, 32 տոկոսը նշել է, որ այն «այնքան էլ կարևոր չէ», իսկ 35 տոկոսը չի կողմնորոշվել։
Տարբեր կարծիքներ կան նաև Դոնալդ Թրամփի այն հռետորաբանության շուրջ, որը ենթադրում է ուժի կիրառման պատրաստակամություն աշխարհի տարբեր հատվածներում։ Հարցվածների 52 տոկոսը կարծում է, որ նման մոտեցումը թուլացնում է ԱՄՆ-ի դիրքերը միջազգային ասպարեզում, մինչդեռ 43 տոկոսը վստահ է, որ այն հակառակը՝ ամրապնդում է դրանք։ Հետազոտողները նշում են, որ այս բաժանումը արտացոլում է հանրապետականների և դեմոկրատների հակադիր դիրքորոշումները։
The post Ամերիկացիների գրեթե կեսը դեմ է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու գաղափարին. հարցում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
