Եթե ՀՀ քաղաքացին Եվրոպայում բուժման նպատակով ապաստան հայցի, պետությունը պետք է փոխհատուցի. Եղոյան
Եվրամիության հետ Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացը ենթադրում է ոչ միայն արտոնություններ, այլև կոնկրետ ֆինանսական պարտավորություններ։Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ՍիվիլՆեթի տաղավարում մանրամասներ հայտնեց ԵՄ-ից Հայաստանին փոխանցված գործողությունների ծրագրի վերաբերյալ՝ առանձնացնելով հատկապես առողջապահական ծառայությունների փոխհատուցմանը վերաբերող դրույթը։
Թեև գործողությունների ծրագրում Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման մասին ուղիղ պահանջ չկա, առկա է մեկ այլ՝ պետության համար ֆինանսական բեռ ենթադրող դրույթ։
Ըստ Արման Եղոյանի՝ Հայաստանը պետք է հանձնառություն ստանձնի փոխհատուցելու Եվրոպական միության անդամ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների բուժօգնության ծախսերը, եթե նրանք այդ երկրներ են մեկնել և ապաստան են հայցել հենց առողջապահական խնդիրների հիմքով։
Պատգամավորը հաստատող պատասխան է տվել ՍիվիլՆեթի հարցին՝ եթե տարվա մեջ 10 քաղաքացի մեկնի ԵՄ որևէ երկիր, այնտեղ ապաստան հայցի ու ստանա, օրինակ, 1 մլն եվրոյի բժշկական սպասարկում, Հայաստանը պե՞տք է փոխհատուցի դա։
«Բնականաբար մեր նպատակն այն է, որ որքան հնարավոր է քիչ մարդ գնա ոչ միայն Ձեր նշած պատճառով… այլ շատ մարդ այստեղ հնարավորություն ունենա նույնանման առողջապահական ծառայություն ստանալու: Իսկ ինչը հնարավոր չլինի, ինչի հետևանքով, որ մարդիկ ապաստան հայցեն և գումարը ծախսվի, այո Հայաստանը պիտի…, լուծումն այդպես է», – նշեց պատգամավոր Եղոյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Եթե ՀՀ քաղաքացին Եվրոպայում բուժման նպատակով ապաստան հայցի, պետությունը պետք է փոխհատուցի. Եղոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
