Ուր էլ գնամ՝ զգում եմ, որ ինձ հետևում են․ Անիչկան, որ չունի տուն ու անձնագիր, բայց ունի կարմիր շրթներկ ու հիշողություններ
Արևից խանձված մաշկի ու խորը ակոսված կնճիռների արանքում փոքրիկ, արագաշարժ աչքերն են ու խնամքով հարդարված ունքերը։ Նիհարիկ, կտրուկ շարժումներով Անիչկան մուգ կապույտ, սովորականից մեծ մանկասայլակի մեջ քաոտիկ դասավորում է անձնական իրերը, որ թվում է՝ ոչ մի կապ չունեն իրար հետ։ Մոխրագույն փոքրիկ պայուսակը հանում է ուսից ու դնում ոտքերի կողքին։ Կոշիկներն էլ են մոխրագույն։ Սիրում է, երբ պայուսակն ու կոշիկները նույն գույնի են․
«Это стиль» («Դա ոճ է»),- ասում է նա։
Պայուսակի մեջ ամենակարևոր իրերն են՝ սանրը, շրթներկը, մի զույգ տաք ձեռնոց, որ կրում է երեկոյան, երբ սկսում է ցրտել, ու մեկ լուսանկար՝ ճմրթված, մեկանգամյա օգտագործման տոպրակի մեջ դրված․ «Տղաս է»,– ասում է Անիչկան։
Հետո սայլակի տակի կտորե դարակից հանում է կշեռքն ու հարմար տեղավորվում երբեմնի տնտեսական խանութի դատարկ շինության աստիճաններին։
61–ամյա Անիչկա Սարգսյանը տուն չունի, բայց ունի կարմիր շրթներկ ու առավոտյան սուրճի ծիսակարգ։ Ամեն օր երեկոյան պահում է անցորդներին կշռելու համար ստացած գումարից 200 դրամ՝ հաջորդ օրն առավոտյան «աշխատավայրի» մոտ գտնվող ապարատից մի բաժակ տաք սուրճ գնելու համար, որ վայելում է պատահական անցորդներից խնդրած ծխախոտի հետ։
«Չես նկարում չէ՞,– հարցնում է միանգամից,– Չնկարես, մազերս մաքուր չեն, դրա համար էլ գլխարկ եմ դրել»։
Հետո է խոստովանում՝ նկարվել չի ուզում, որ «հետք չթողնի»։ Վախենում է. թվում է, թե իրեն հետևում են։
Անիչկան ասում է՝ իր կյանքը միշտ չէ փողոցում եղել։ Տուն է ունեցել, ընտանիք, աշխատանք։ Պատմում է, որ աշխատել է Հանրային ռադիոյի երգչախմբում, ամուսին և երեխա է ունեցել։ Ուղղակի մի օր կյանքը կտրուկ փոխվել է ու ինքը հայտնվել է փողոցում․
«Երբ որ ռադիոյում էի աշխատում, շատ ուզողներ ունեի։ Շատ սիրուն էի։ Բայց, չգիտեմ ոնց եղավ, որ գնացի, ու էշի ճակատը պաչեցի։ Ամուսինս ինձանից 8 տարի փոքր էր։ Բայց ես հավատում էի, որ սիրում է ինձ։ Ծնողներս շուտ էին մահացել, 2–սենյականոց տուն ունեի Մալաթիայում։ 35 տարեկան էի, երբ ամուսնացանք։ Շատ արագ հղիացա, տղա ունեցա։ Ամուսինս միշտ ինչ–որ գործերի մեջ էր, ուզում էր բիզնես դնել։ Սկզբից ոսկեղենս ծախեցի, տվեցի իրեն, հետո համոզեց՝ տունը ծախեցի։ Ինքը գումարը վերցրեց ու գնաց Ռուսաստան, ինչ–որ ծանոթների մոտ, իսկ ես տեղափոխվեցի ապրելու նրա ծնողների հետ, մինչև մեզ կտաներ իր մոտ»,– պատմում է Անիչկան։
Ամուսնու ծնողներն ի սկզբանե չէին ընդունել որդուց այդքան մեծ հարսին։ Ամենօրյա կոնֆլիկտներն ու կշտամբանքը Անիչկան լուրջ չէր ընդունում․ երջանիկ էր, որ որդի ունի, և իրեն այլևս ոչինչ պետք չէր։
Որդին 8 ամսական էր, երբ նորից հղիացավ։ Գիշերը սկսված արյունահոսությունը ստիպեց բժշկի գնալ․
«Պարզվեց, որ արտաարգանդային հղիություն է։ Վիրահատեցին, կանացիս հեռացրեցին։ Այն ժամանակ բժշկություն չկար։ Ղասաբ էին։ Ասացին՝ արդեն մեծ ես, երեխան ի՞նչ ես անում»,– հիշում է Անիչկան։
Ամուսնու ընտանիքի հետ ապրեց մոտ երկու տարի։ Ամուսինը Հայաստան էր գալիս միայն Ամանորին, մի քանի օրով։ Խոստումները, որ շուտով ընտանիքին կտանի իր մոտ, մշտական էին։ Տոներից հետո ամուսինը վերադառնում էր Ռուսաստան, Անիչկան՝ սովորական կոնֆլիկտներին․
«Տիգրանս 3 տարեկան էր, երբ հիվանդացավ։ Երկու օր ջերմություն ու թուլություն ուներ։ Շտապօգնության մեքենայով տարան մանկական հիվանդանոց։ Մի օր մնաց հիվանդանոցում, ու մահացավ։ Ասացին՝ կայծակնային մինինգիտ է»,– պատմում է Անիչկան՝ ձեռքում պահելով որդու հին լուսանկարը։
Որդու մահից մի քանի շաբաթ հետո ամուսնու ծնողները Անիչկային դուրս արեցին տանից։ Ամուսինն ասաց, որ իրեն չի տանելու, Ռուսաստանի Դաշնությունում այլ կին ունի, պահում է նրա երկու երեխաներին, իսկ տան գումարը վաղուց է կորցրել։
Միակ բանը, որ Անիչկան վերցրել էր ամուսնու ծնողների տնից, որդու մուգ կապույտ անվասայլակն էր։ Երկու տարի ապրեց բարեկամների, ընկերուհիների տներում․ մեկի մոտ մեկ շաբաթ, մյուսի մոտ՝ երկու օր։ Հետո հասկացավ՝ խնդրելն իր համար չէ։ Արդեն 19 տարի է՝ ապրում է փողոցում․
«Ինձ այսպես ավելի հարմար է։ Ոչ մեկից ոչինչ չեմ խնդրում, ոչ մեկ վրաս մունաթ չի գալիս։ Ես եմ իմ գլխի տերը։ Երբ ուրիշների հետ եմ ապրում, կոնֆլիկտներ շատ են լինում։ Մի բան ինձ դուր չի գալիս, մի բան՝ իրենց։ Ոչ մի տեղ էլ չեմ ուզում գնալ։ Ձմռանն է մի քիչ դժվար լինում, բայց, եթե տաք շորեր ունես, գիտես՝ որտեղ կան չկողպվող մուտքեր, կարելի է հանգիստ ապրել»,– ասում է նա։
Անիչկան ասում է՝ արդեն 20 տարուց ավելի է՝ անձնագիր չունի։ Իր որոշումն է։ Վստահ է, որ այդպես իրեն չեն գտնի․
«Սոցքարտերը, երբ սկսեցին բաժանել, ես հասկացա, որ դա սատանայի գործն է, չվերցրեցի։ Հետո ճղեցի անձնագիրս, որ ինձ հնարավոր չլինի գտնել, որովհետև ես գիտեմ, որ ինձ հետևում են։ Ես երբեք երկու օր նույն տեղում չեմ քնում։ Որովհետև ուր էլ գնամ՝ տեսնում եմ շտապօգնության մեքենան, որով ինձ հետևում են։ Համարները տարբեր են ամեն օր, հատուկ փոխում են, որ ես գլխի չընկնեմ։ Բայց ես ամեն ինչ գիտեմ։ Ինձ ուզում են վերացնել, որովհետև ես շատ բան գիտեմ»,– ասում է Անիչկան։
Խնամքի հաստատություն տեղափոխվելու մասին չի մտածում, ասում է՝ ամեն տեղ վտանգավոր է։ Երբեմն մտածում է, որ փոքրիկ Տիգրանին էլ իր պատճառով են սպանել, հիվանդություն չի եղել: Խոսքի մեջ անընդհատ տագնապ ունի, որ իրեն հետևում են, բացատրում է, որ մտահոգություններն «անհիմն» չեն։
«Ես շատ բան գիտեմ Սովետի քանդվելու, Հոկտեմբերի 27–ի, Մարտի 1–ի մասին, պատերազմի։ Ես այդ ամբողջը երազում եմ տեսել։ Գիտեմ՝ ովքեր են արել։ Ու այդ պատճառով էլ բոլոր ղեկավարներն իմ հետևից ընկած են եղել, փորձել են սպանել։ Երեք տարի առաջ համարյա կարողացան․ թունավորել էին, թե ինչ։ Ձմեռ էր, քրտնում էի, ամբողջ մարմինս ցավում էր, մի քանի օր գիտակցության չեմ եկել համարյա, բայց այդ ժամանակ էլ նրանց չհաջողվեց, որովհետև ես իմ արյան մեջ հակաթույն ունեմ»,– ասում է Անիչկան։
Այսքան տարի անօթևան լինելով՝ երբեք գումար չի մուրացել։ Ասում է՝ կշեռքն իրեն կերակրում է։ Օրական 2-3 հոգի էլ կշռվի, բավարար է։ Մի բաժակ սուրճի, մեկ հացի գումար հաստատ կվաստակի։ «Ոսկու կշեռք է»,– ասում է Անիչկան՝ ակնարկելով ճշգրտությունը։ Միակ գաղտնիքն այն է, որ մարտկոցները պետք է նոր լինեն։
Հագուստ, երբեմն բոլորովին նոր, գտնում է աղբարկղերի մոտ։ Ասում է՝ մարդիկ սովորել են պիտանի բաները ոչ թե աղբարկղերը նետել, այլ խնամքով կողքին դնել, առանձին տոպրակներով։ «Իսկ սնունդը Աստված է տալիս»,– համոզված է նա, երբեմն այնքան, որ բավարարում է ոչ միայն իրեն, այլև թափառող կենդանիներին։
«Ինձ այս կյանքից շատ բան պետք չէ։ Ինչ կար կորցնելու, ես արդեն կորցրել եմ։ Ինձ մնացել են իմ ազատությունն ու կյանքը։ Չգիտեմ՝ ոնց կլիներ կյանքս, եթե այլ մարդու հետ ամուսնանայի, երևի ավելի լավ։ Բայց այդ ժամանակ էլ Տիգրանս չէր լինի։ Ի՞նչ իմանամ»,– ասում է Անիչկան ու կիսատ թողնում խոսքը։ Հեռվից շտապօգնության մեքենայի ձայն է լսվում։ Անիչկան արագ տեղավորում է կշեռքը, պայուսակը գցում ուսին ու կորում՝ շենքերի արանքում՝ մուգ կապույտ մանկասայլակի հետ։
Սոնա Մարտիրոսյան
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի
Հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։
The post Ուր էլ գնամ՝ զգում եմ, որ ինձ հետևում են․ Անիչկան, որ չունի տուն ու անձնագիր, բայց ունի կարմիր շրթներկ ու հիշողություններ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
