ru24.pro
World News
Июнь
2025

Որպեսզի ցույց տա իր ուժը ժողովրդին և վախ սերմանի առ այն, որ իր դեմ խաղ չկա, իշխանությունը փորձելու է հեռացնել կաթողիկոսին. Անի Սամսոնյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը 

– Տիկի՛ն Սամսոնյան, վերջին օրերին իշխանությունները հայտարարեցին ընդդիմադիրների կողմից հեղաշրջման պլանավորման մասին, հրապարակեցին ձայնագրություններ, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։ Այս զարգացումների ֆոնին, «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեղադրվեց ահաբեկչություն իրականացնելու և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար, նա երեկ երկու ամսով կալանավորվեց։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունների ընթացքը և դրա հետևանքները։

– Այն կրկեսը, որը կազմակերպել է իշխանությունը երկրի ներսում, իմ կարծիքով, ունի չորս հստակ նպատակ. իշխանության վարկանիշը շատ ցածր ու ողբալի վիճակում է, նրանք դա շատ լավ հասկանում են, խուճապի մեջ են, ունեն շատ վախեր ու փորձում են ընտրություններից առաջ իրենց դիրքավորել որպես զոհ, սա է պատճառը, որ կատարվողը փորձում են ասոցացնել հոկտեմբերի 27-ի հետ: Նման կերպ փորձում են համախմբում ստեղծել ընտրություններից առաջ: 

Երկրորդ նպատակը սև ու սպիտակի բաժանման պահանջն է, 2018-ին մենք տեսանք դա, որի էֆեկտը վերջին երկու տարում զգալիորեն թուլացել է, ու պետք է ընտրություններից առաջ բաժանում, որպեսզի մարդկանց հեշտ լինի մանիպուլացնել ու խաբել: Ու հիմա բաժանում են ոչ թե սպիտակների ու սևերի, այլ՝ զոհերի ու ահաբեկիչների: Զոհեր են իշխանությունը ու նրանց սատարող բոլոր արբանյակները, ահաբեկիչներ են բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանությանը: 

Իշխանության ներկայացուցիչների խոսույթից սա հստակ երևում է, քաղաքական դաշտ սպառնալիք են նետում, որ եթե չդատապարտեք «Սրբազան շարժման» գործողությունները, ուրեմն դուք ահաբեկչությունն եք պաշտպանում ու ահաբեկիչներ եք: 

Երրորդ նպատակը երկրի աղետալի սոցիալ-տնտեսական վիճակից մարդկանց շեղելն է, թույլ չտալ, որ կենտրոնանան իրենց վիճակի վրա: Չորրորդ պատճառը, քանի որ վերջին շրջանում իշխանությունը փոխել է իր մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ՝ ավելի նահանջի ճանապարհն են բռնել, ու Փաշինյանի վերջին՝ Մոսկվա այցը ցույց էր տալիս, որ Նիկոլ Փաշինյանը եկող տարի ցանկանում է ընտրվել ու փնտրում է Կրեմլի աջակցությունը այս հարցում, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տա, որ երկրի ներսում ինքը պայքարում է հակառուսական ուժերի դեմ, Արևմուտքին է պետք սա ցույց տալ:

Այդ իսկ պատճառներով հիմա իշխանությունը ստեղծել է կեղտոտ քաղաքական կաթսա, որի մեջ լցրել է նախկիններին, ընդդիմությանը, Եկեղեցուն, ռուսներին ու նաև այն մարդկանց, որոնց իրենք թիրախավորել են, այդ թվում նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև առաջին նախագահը հեղինակություն է ու միշտ դիպուկ պատասխանում է իշխանությանը: Քանի որ արդեն երկու անգամ հանդիպել է Կաթողիկոսի հետ, ինչն անընդունելի է իշխանության համար, վրեժխնդրությունից ելնելով՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին են դրել այս կաթսայի մեջ ու որոշել, որ պետք է վառել բոլորին, որ ընտրություններից առաջ ցույց տան, թե իրենք ինչքան ուժեղ են, բայց նաև զոհ են, որովհետև բոլորն իրենց դեմ են:

«Սրբազան շարժման» կողմնակիցների վերաբերյալ գործն ինձ հիշեցնում է գեներալ Մանվելի տուշոնկաների գործը, որն իշխանությունը մեծ աղմուկով նախաձեռնեց, հետո ԱԱԾ պետը խոստովանեց, որ դա նախապես գրված լավ սցենար էր: Հիմա սա էլ լավ գրված սցենար է, ես չեմ բացառում, որ իմփիչմենթի օրը որոշել են ինչ-որ գործողություններ անել, բայց այն, ինչ ներկայացվում է, շատ չափազանցված է, մեծ հաշվով սարքած գործ է: Բայց պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը չունեն այնքան քաղաքական կշիռ ու արժեք, որքան ունեին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, հետևաբար իբրև հոկտեմբերի 27-ի զոհ իրենք ոչ մեկին պետք չեն: Այնպես որ, այս ամենը սարքած կրկես է իշխանության կողմից, որն ունի մեկ նպատակ՝ վերընտրվել բոլորին սևացնելու հաշվին:

– Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը լքի Մայր Աթոռը, շարունակում է տարբեր բովանդակությամբ գրառումներ՝ ուղղված տարբեր հոգևորականների, թիրախում հայտնված հոգևորականներից ոմանք էլ պատասխանում են Փաշինյանին: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը չի դադարեցնում այս ամենը:

– Ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ տխուր վիճակում է։ Նախկինների դեմ պայքարը այլևս լավ էֆեկտ չունի, և անհրաժեշտ է գտնել նոր հրեշներ, որոնց դեմ պետք է պայքարել։ Այստեղ տեղին է ասել, որ Փաշինյանի վերջին հանգրվանը մնացել է կեղծ բարոյականությունը, որի շուրջ կառուցում է հակաեկեղեցական և հակազգային իր ամբողջ արշավը։ 

Փաշինյանն ուզում է վերջին ինստիտուտը՝ Եկեղեցին ևս ենթարկեցնել իրեն, որովհետև «Իրական Հայաստան» անվան տակ հայկական ազգային պետությունը վերացնելու ճանապարհին Եկեղեցին լուրջ խոչընդոտ է դառնալու։ Եվ այդ նպատակին հասնելու համար ընտրել է ամենակեղտոտ մեթոդները՝ իր արժեհամակարգին համապատասխան։ 

Իշխանությունը փորձելու է հեռացնել կաթողիկոսին, որպեսզի ցույց տա իր ուժը ժողովրդին և վախ սերմանի առ այն, որ իր դեմ խաղ չկա։ Բայց, կարծում եմ, այս դեպքում վտանգավոր թիրախ է ընտրել, որովհետև այս պայքարը կարող է ավարտվել իշխանության համար շատ վատ հետևանքներով։ Եկեղեցին ականջները կախ թուլամորթ խորհրդարանական ընդդիմությունը չէ, որին Ազգային ժողովում ծեծեն ու մարսեն։ Եթե Եկեղեցին կարողացավ պահպանել իր միասնականությունը և չպառակտվեց ժողովրդի պես, ապա կհաղթահարի այս ալիքը․ կաթողիկոսից և հոգևոր դասից շատ բան է կախված։ 

Եկեղեցին պետք է նաև հեռու պահի իրեն խորհրդարանական ընդդիմության և նրանց շուրջը պտտվող անհատների քաղաքական խաղերից, որպեսզի իշխանությանը չհաջողվի վերջնական խառնել Եկեղեցին «սևերի» հետ ու կեղտոտել։

– Ի՞նչ հանգուցալուծում է ստանալու իշխանություն-Եկեղեցի այս դիմադրությունը:

– Կամ այս պայքարը ընտրություններից առաջ վերջնական կմաշի և կբարոյալքի իշխանությանը, չնայած էլ բարոյալքվելու տեղ չունեն, կամ իշխանությանը կհաջողվի ժամանակավոր քաոս ստեղծել Եկեղեցու ներսում և փորձել ջարդել ինստիտուտը։ 

Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումներից կանխատեսում եմ, որ հաջորդիվ ամբողջ Եկեղեցուն և կաթողիկոսին են մեղադրելու ահաբեկչության կազմակերպման և հովանավորման մեջ ու խուզարկություններ անեն՝ փորձելով վճռական փուլ մտցնել Եկեղեցին զավթելու և կաթողիկոսին հեռացնելու արշավը։ 

Ես հույս ունեմ, որ Եկեղեցին հասկանում է, թե այս հարցում պինդ կանգնելը որքան վճռորոշ է դառնալու Հայաստանի համար։

– Տիկի՛ն Սամսոնյան, համացանցում չեն դադարում քննարկումները ընդդիմության հեղաշրջման պլանի վերաբերյալ, որի մասին գրառումներ են արել թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը՝ հիմնվելով լրատվամիջոցներից մեկում հրապարակված նյութի վրա: Ի՞նչ կարծիք ունեք այդ պլանի մասին, ձեր գնահատմամբ՝ իսկապե՞ս այն գոյություն է ունեցել: 

– Հինգերորդ դասարանի աշակերտը կարող է իր սմարթֆոնով խնդրել արհեստական բանականությանը, որ իր համար մի այդպիսի պլան գրի, սկզբում՝ անգլերեն, հետո թարգմանի հայերեն։ Այդքան պրիմիտիվ են ու ծիծաղելի։ Քանի որ Եկեղեցու դեմ իշխանությունների անօրինական հարձակումները, գործարար Սամվել Կարապետյանին ապօրինի ձերբակալելը և կալանավորելը կարծես թե չի մարսում, այդ իսկ պատճառով որոշել է մի երկու խզբզած թուղթը ներկայացնել որպես արդարացում։ 

Այս իրադարձությունների ֆոնին հիշեցի Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունը, որի վրա ուզում էին կառուցել Սահմանադրական դատարանի դեմ տարվող անօրինական և հակասահմանադրական արշավը։ Իշխանությունները նաև փորձում են սրանով մի կաթայի մեջ դնել Եկեղեցուն, նախկիններին, օլիգարխներին ու Ռուսաստանին և ներկայացնել, թե իբր ռուսներն ուզում են հեղաշրջում իրականացնել Հայաստանում, որ 2026-ին ստանան ինքնիշխան ժողովրդի աջակցությունը։ Իրեն խելացի և մտածող համարող ոչ մի մարդ այսպիսի էժանագին կտերը չի ուտելու հավի պես։

– Ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումներով ինչի՞ է փորձում հասնել երկրի իշխանական էլիտան:

– Փչացնում է ընդհանուր քաղաքական ֆոնը, որ առաջիկա ընտրություններում նոր մարդիկ և նոր ուժեր չծնվեն, և ի ցույց է դնում սեփական արժեհամակարգը։ Ուզում է նաև գողանալ կալանավորված Վարդան Ղուկասյանի ձայները, բայց իշխանությունը մոռանում է, որ այդ ձայները Վարդան Ղուկասյանը վաստակել է ոչ թե պարզապես հայհոյանք տարածելով, այլ հենց իրենց՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության հանդեպ հայհոյանք գեներացնելով։ Այնպես որ, չի ստացվի, կարծում եմ։

– Ներհայաստանյան կյանքի համար ի՞նչ ռիսկեր է պարունակում այն վիճակը, որի մեջ գտնվում է այս պահին Հայաստանը:

– Ամեն ինչ կախված է 2026 թվականից։ Կա՛մ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ցույց կտա իր տեղը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետության համը կթողնի ժողովրդի բերանում։ Ես առաջին տարբերակին եմ հավատում։

Քրիստինե Աղաբեկյան

The post Որպեսզի ցույց տա իր ուժը ժողովրդին և վախ սերմանի առ այն, որ իր դեմ խաղ չկա, իշխանությունը փորձելու է հեռացնել կաթողիկոսին. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.