Օրենքը՝ հանրային համատեքստից դուրս. ինչպես կանաչ լույս տալ ֆեյքերին
Այսօր մասնակցեցի ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը: Սա շատ լավ պրակտիկա է՝ օրենքն ընդունելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ խոսել: Բայց շատ ավելի լավ պրակտիկա կլիներ օրենքը գրելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ խոսել: Սա կօգներ չհասնել այն անտրամաբանական կետերին, որտեղ և հանգրվանել ենք այս օրինագծով:
Առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի 1-ին հոդվածում «հերքման և պատասխանի իրավունքի» բառերը փոխարինել «հերքման, պատասխանի, հեռացման իրավունքների» բառերով:
Եթե կարճ՝ լրատվամիջոցի կամ ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառման մեջ վիրավորանք տեսնելու դեպքում անձը կարող է պահանջել անհապաղ հեռացնել այս գրառումը: Այդպես էլ բաց մնաց մեկնաբանությունների հարցը՝ դրանք նո՞ւյնպես կարող են նման պահանջի հիմք լինել, թե՞ ոչ:
Մտադրությունը պարզ է՝ պաշտպանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, ապահովել նրան անհիմն վիրավորանքներից:
Խնդիրն այն է, սակայն, որ արդի աշխարհում այս լուծումներն ուշացած են, և մեծ հարց է, թե արդյոք ավելի շատ կվնասեն հանրությանը, թե ոչ:
Յուրաքանչյուր օրենք, ինչպես դեղամիջոցը, ունի լավ և վատ կողմեր: Յուրաքանչյուր օրենքի կիրառում իր հետ բերում է շահողների, տուժողների և իհարկե կողմնակի հասարակական ազդեցություն:
Օրինակ՝ հանրային բարիքի մասին օրենքը կարող է խանգարել մասնավոր սեփականության մասին որևէ մեկի ունեցած պատկերացումներին, ինչպես և հակառակը:
Չկա որևէ հանրային դրույթ, որից բոլորը միանշանակ շահում են: Հետևաբար՝ առողջ հանրության նպատակն է օրինագիծն ընդունել ինչպես դեղամիջոցը՝ հաշվի առնելով վնասներն ու օգուտները:
Եթե օրինագծից ստացված օգուտները գերակայում են, ապա այն կարելի է ընդունել: Իմ դիտարկմամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները հնացած դեղամիջոցով չափից դուրս տարածված վիրուս բուժելու փորձ են. վիրուս, որն ամեն օր մուտացիայի է ենթարկվում: Ի սկզբանե տապալված ծրագիր: Հետևաբար՝ մարդկանց մեջ կասկած է առաջանում, եթե վիրուսը չի բուժվելու, գուցե նպատակը ա՞յլ է:
Բացատրեմ միտքս: Դիցուք՝ լրատվամիջոցն իր էջում գրեց բացահայտ զրպարտող հոդված ինչ-որ մեկի մասին: Հետո, ըստ պահանջի, այն հեռացրեց: Բայց հոդվածի սքրինշոթերն արդեն ամենուր են, ավելին՝ տարբեր տելեգրամյան ալիքներով և ֆեյք օգտատիրոջ էջերով այս հոդվածը դեռ շրջանառվում է ու շրջանառվում:
Իմ հարցին՝ ի՞նչ եք անելու այս դեպքում, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը պատասխանեց, որ օրենքը նախատեսում է բոլոր առանձին դեպքերում առանձին հետապնդում: Այսինքն՝ պատկերացնում եք, չէ՞, եթե հազար ֆեյք շրջանառի ձեզ զրպարտող հոդվածը, հազար ֆեյքի համար պետք է առանձին գործ բացվի: Ինչպես նշեց գործընկերներիցս մեկը՝ դուք այդքան թուղթ ունե՞ք:
Մեկ այլ հարց էր որոշ քաղաքական գործիչների՝ վիրավորանք պարունակող գրառումները: Քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ փաստորեն այդ գրառումն արտատպող լրատվամիջոցն է պատասխանատու հրապարակածի համար:
Ստացվում է, որ լրատվամիջոցն այլևս չի կարող լինել ազատ խոսքի հարթակ, այլ պետք է զբաղվի ինքնագրաքննությամբ, եթե անգամ նա պարզապես ուրիշի խոսքի հաղորդող է:
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ սա արդիական տեխնոլոգիաների և արհեստական բանականության դարում, երբ դժվար է հասկանալ, թե արդյոք մարդու նկարի և անուն-ազգանվան հետևում իրական անհատ կա, երբ տարբեր հարթակներում կարելի է հազարավոր ֆեյք էջեր և ալիքներ բացել ու շրջանառել անսահման քանակությամբ լուրեր:
Այս համատարած աղտոտվածության միջավայրում կառավարությունը որոշել է իրոք պղտոր ջրում ձուկ որսալ: Փաստորեն ինքնագրաքննության դրդել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք առանց այդ էլ փորձում են մնալ կոռեկտության սահմաններում և, չնայած սխալներին, ջանում են առավելագույնս պատասխանատու լինել, ունեն էթիկայի կանոնակարգ և այլն:
Դուք հավանաբար կառարկեք ու կասեք, որ կան բացահայտ սադրող և ստող լրատվամիջոցներ, բայց եկեք ազնիվ լինենք․ այդ լրատվամիջոցներն իրականում քաղաքական թռուցիկ են: Նրանց նպատակը հանրությանը իրազեկելը չէ, այլ քաղաքական իրենց դաշտի մեջ պահելը: Հետևաբար նման «լրատվամիջոցները» ոչնչով չեն տարբերվում թռուցիկից, քաղաքական գործչի էջից, անհայտ տելեգրամ ալիքից կամ Ֆեյսբուքի ակտիվ օգտատեր կամայական տիկին Հրանուշից, որն իրականում ֆեյք է: Նրանք թիրախավորումից չեն վախենում և եթե անգամ փակվեն էլ, բացվելու այլընտրանքային ճանապարհ կգտնեն՝ այլ դեմքով, այլ տեսքով, գուցե անգամ այլ երկրից:
Ստացվում է՝ տուժելու են միայն բարեխիղճ լրատվամիջոցները: Եվ տուժելու են ոչ թե օրենքի բուն կիրառումից, այլ օրենքի հետևանքներից: Խնդիրը չի լինելու այն, որ այս լրատվամիջոցները կարող են ինչ-որ վիրավորանք գրել ու հետո հեռացնել:
Խնդիրը լինելու է այն, որ լրատվամիջոցները, միշտ խուսափելով իրենց գլխին կախված դամոկլյան սրից, անցնելու են ինքնագրաքննության, շատ բաներ պարզապես չեն հրապարակելու ու չեն ասելու: Բայց բնությունը դատարկություն չի սիրում:
Այս գործառույթն ամենափնթի կերպով իրենց վրա են վերցնելու սնկի պես աճած տարատեսակ անանուն էջերն ու ֆեյքերը: Նրանք հրապարակելու են այն, ինչ ուզում են, այնպես, ինչպես ուզում են՝ ի հետևանք իրենց կողմ են քաշելու հանրության մեծ մասի ուշադրությունը:
Այսպիսով՝ փորձելով կարգավորել դաշտը, կառավարությունը երկրում հասնելու է մի իրավիճակի, որ այն լրատվամիջոցները, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալներ, որոնք ունեն քիչ թե շատ էթիկայի կանոններ, որոնց հետ ի վերջո կարելի է բանակցել և հերքում պահանջել, կորցնելու են իրենց լսարանն ու դառնան պաղ, անդեմ, կարգավորվող թույլ հարթակներ: Լրատվությունն անցնելու է ընդհատակ: Մի տեղ, որտեղ ոչ ոք չի գեղեցկանում:
Անկառավարելի, ծայրահեղացված կայքերն ու էջերը իրենց գրառումներով լցնելու են հայ մարդու իրականությունը: Եվ այս ընդհատակյա ալիքները կարգավորելու ոչ մի մեխանիզմ չի մնալու, բացի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի սիրած գործառույթից:
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am
The post Օրենքը՝ հանրային համատեքստից դուրս. ինչպես կանաչ լույս տալ ֆեյքերին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
