Հայաստանը ընտրել է Թուրքիային որպես միջնորդ, Թուրքիային հորդորում է համոզել Ադրբեջանին. Տաթևիկ Հայրապետյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, ավարտվեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքիա, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տվեց այդ այցը Հայաստանին:
– Բուն այցի մեջ ես որևէ խնդիր չեմ տեսնում, սովորաբար Փաշինյանի տարբեր այցերի խնդիրը բովանդակության բացակայությունն է, ավելի ճիշտ՝ այդ քննարկվող բովանդակության մեջ հայկական շահերի բացակայությունը: Այսինքն՝ հայկական շահն իրականում որևէ սեղանի շուրջ ներկայացված չէ:
Տարբեր սեղանների շուրջ, որոնցում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան համատեքստում քննարկումներ են ընթանում, կոնկրետ ներկայացվում են այդ երկրների շահերը, որոնց Հայաստանը տալիս է իր համաձայնությունը կամ դանդաղում է համաձայնություն տալ, բայց որոշ ժամանակ անց տալիս է համաձայնություն: Այսինքն՝ ամբողջ հարցը դա է, այլ ոչ թե Թուրքիա գնալ-չգնալը, մեր խորքային խնդիրը քննարկվող բովանդակության մեջ հայկական շահի բացակայությունն է, որն արդեն տևական ժամանակ անթաքույց երևում է:
– Այցի պատմական կամ նշանակալի լինելը ինչո՞վ է պայմանավորված, ինչպես ոմանք բնութագրում են այն:
– Այցը պատմական են համարում նրանք, ովքեր պատմությունից որևէ գաղափար չունեն, այս առումով զավեշտալի է, որ պատմություն չիմացողներն են այն պատմական համարու:
Իմ դիտարկմամբ՝ Փաշինյանը շատ ավելի մեծ ակնկալիքներ ուներ այցից, եթե հետևեք դրանից առաջ առկա տեղեկատվական ֆոնին, ասում էին, որ համատեղ հայտարարություն է նախապատրաստվում և այլն, բայց ինձ համար ուշագրավ է, որ Էրդողանին հանդիպելուց առաջ Փաշինյանը հանդիպում է հայ համայնքի հետ ու ասում է, թե Թուրքիան մեզ համար սպառնալիք չէ, մենք էլ՝ Թուրքիայի: Նա կարող է հայտարարություն անել բացառապես Հայաստանի անունից, բայց չի կարող Թուրքիայի անունից ասել, թե Թուրքիան սպառնալիք չէ կամ է:
Թուրքիան պետք է հայտարարեր, որ իրենք սպառնալիք չեն Հայաստանի գոյության համար, սա կլիներ ձեռքբերում, բայց չի կարող Նիկոլ Փաշինյանը բոլոր կողմերի անունից հայտարարություն անել, քիչ է մնում՝ Ալիևի անունից խաղաղության մասին խոսի: Այդպես չի լինի, հարաբերությունները երկկողմ են աշխատում, բայց, ինչպես տեսանք, Էրդողանը չարեց նման հայտարարություն, ոչ մի համատեղ հայտարարություն չեղավ, յուրաքանչյուր կողմ առանձին համառոտ հայտարարություն տարածեց:
Փաստացի հանդիպումը տևեց մեկ ժամ, իսկ ցանկացած ոք, որը բանակցություններին ծանոթ է, շատ լավ գիտի, որ մեկ ժամում հնարավոր չէ վարել էական ու բովանդակային բանակցություն:
– Եթե չէին լինելու համատեղ հայտարարություն, էական առաջընթաց, ապա ինչո՞ւ էր Էրդողանը հրավիրել Փաշինյանին Թուրքիա:
– Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է մեծ եղել գնալ Թուրքիա: Նրա ողջ նպատակն է հատկապես նախընտրական փուլում ցույց տալ, թե իր գործողությունները նպատակ ունեն Հայաստանի համար խաղաղություն բերել, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այդ նպատակին են ծառայեցվում նրանց գործողությունները:
Իր ու իր թիմի ողջ մոլուցքն է ապացուցել, որ իրենք ճիշտ էին այդ հարցում, բայց դա իրենք շարունակ չեն ստանում: Որքան էլ իրենք զոհում են հայկական շահերը, որքան էլ իրենք անում են, մեր կարծիքով՝ հակապետական հայտարարություններ, իրենք չեն ստանում որևէ դրական պատասխան հակառակ կողմից, իսկ Ադրբեջանի կողմից ստանում են շատ ավելի վտանգավոր թեզեր:
Աբսուրդ է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիա ու այնտեղի հայ համայնքին ասում, որ մենք չպետք է ասենք Արևմտյան Հայաստան, որ իրենք չասեն «Արևմտյան Ադրբեջան», մյուս պաշտոնյան ասում է, որ դուք ասում եք Արցախ, իրենք էլ ասում են «Արևմտյան Ադրբեջան»:
Հասել ենք մի հակատրամաբանական կետի, որ պատմականորեն, աշխարհագրորեն գոյություն ունեցող Արևմտյան Հայաստանի ու Արցախի գոյությունը, որը ոչ ոք չի կարող ժխտել, համեմատում ու հավասարեցնում են մտացածին ու զավթողական նպատակ հետապնդող «Արևմտյան Ադրբեջանի» հետ:
– Տիկի՛ն Հայրապետյան, արդյունավետության տեսանկյունից այս այցի շուրջ ենթադրություններ կարելի՞ է անել:
– Ես չեմ կարող արդյունավետության տեսանկյունից գնահատական տալ, որովհետև ընդհանրապես չգիտեմ, թե ինչ բովանդակություն է քննարկվել։ Դատելով տարածվող հայտարարություններից՝ շատ ընդհանրական բնութագրիչներ են, ոչ մի բան չեմ կարող հստակ ասել, միայն մի բան կարող եմ հստակ ասել, որ Հայաստանն ընտրել է Թուրքիային որպես միջնորդ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա քննարկումների համար:
Այսօր Հայաստանը ոչ թե Ադրբեջանին է հորդորում իր հետ թուղթ ստորագրելու համար, այլ Թուրքիային է հորդորում, որ Ադրբեջանին համոզի թուղթ ստորագրել: Ես բազմիցս եմ ասել, երբ իրենք բոլոր միջնորդներին դուրս թողեցին, միջնորդ կարգեցին Թուրքիային ու հիմա իրենք և իրենց հարող փորձագետները Թուրքիային ներկայացնում են իբրև լավ ոստիկան:
– Բայց երբ Թուրքիան հստակ հայտարարում է, որ իրենք Ադրբեջանի կողքին են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերություններից, որքանո՞վ է արդյունավետ լինելու Թուրքիայի միջնորդությունը Հայաստանի համար:
– Չեմ կարծում, թե այդ միջնորդությունը կարող է արդյունավետ լինել, որովհետև փաստացի թուրք գեներալներն են ղեկավարել ադրբեջանական բանակը Արցախի դեմ պատերազմում, այսինքն՝ այս քաղաքականությունը կրող ղեկավարը չի կարող որևէ դրական դերակատարում ունենալ հարաբերությունների կարգավորման գործում: Հետևաբար շատ վտանգավոր է այս ուղղությունը, որը որդեգրել է Հայաստանի ղեկավարությունը:
– Իսկ ըստ ձեզ՝ իշխանությունը ստիպվա՞ծ է Թուրքիային ընտրել որպես միջնորդ:
– Չէ՛, դա իշխանության ընտրությունն է, իրենք այդպես են իրենց հարմարավետ զգացել: Բայց, կրկնում եմ, Թուրքիան չի կարող միջնորդ լինել այս գործընթացում, միգուցե Էրդողանը Նիկոլ Փաշինյանի համար բացառիկ անձնական հեղինակություն է, բայց նման պետությունը չի կարող Հայաստանի համար միջնորդ լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:
Հիշեցնեմ նաև, որ նույն Նիկոլ Փաշինյանը 20 թվականի պատերազմի ժամանակ ասում էր, որ նույն Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի ավարտին հասցնի 1915 թվականի ցեղասպանությունը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Հայաստանը ընտրել է Թուրքիային որպես միջնորդ, Թուրքիային հորդորում է համոզել Ադրբեջանին. Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
