ru24.pro
World News
Июнь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ավելի շատ հոգեբանական գրոհ է գնում Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից. միջուկային բանակցությունները փակուղի են մտել. Վարդանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– «Իրանի զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»,- այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին։ Պարո՛ն Վարդանյան, իսկապե՞ս ամեն բան տանում է Իրան-Իսրայել ռազմական բախման, թե՞ այս հայտարարությունն ուղղակի դիվանագիտական քայլ է:

– Իրավիճակը, իհարկե, լարված է, բայց ես կարծում եմ, որ բանը չի հասնի պատերազմի, ավելի շատ հոգեբանական գրոհ է գնում Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից, որովհետև միջուկային բանակցությունները փակուղի են մտել: 

Հունիսի 15-ին Օմանում միջուկային բանակցությունների նոր փուլ է լինելու, և դրանից առաջ վախեցնելու, ահաբեկման քաղաքականությամբ փորձում են հասնել նրան, որ Իրանը զիջումների գնա: ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանն ընդհանրապես ուրանը չհարստացնի, ինչն անընդունելի է Իրանի համար: Իրանը պնդում է, որ դա իր անքակտելի իրավունքն է, պետք է միջուկային էներգիա ստանա ու դա անում է խաղաղ նպատակներով: Կողմերն այսպիսով դեռևս չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

– Իսկ ձեր գնահատմամբ՝ հունիսի 15-ին էական առաջընթաց կլինի՞ բանակցություններում:

– Իրականում կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը, մեկ-երկու հարցի շուրջ է, որ չեն կարողանում համաձայնության գալ, բայց այդ հարցերն էլ այս պահին լուծում ստանալու հեռանկար չունեն, որովհետև կողմերից յուրաքանչյուրը իր տեսակետն է պնդում, զիջումների չի գնում:

– Իսրայելն իսկապե՞ս պատրաստ է պատերազմ սկսել Իրանի դեմ, թե՞ դրանք ընդամենը ագրեսիվ հայտարարություններ են:

– Իսրայելը պատրաստ է ու նախկինում էլ փորձեր արել է, բայց հասկանում է, որ Իրանի դեմ միայնակ պատերազմի մեջ մտնելը հղի է լուրջ վտանգներով: Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ամբողջ նպատակն այն է, որ պատերազմ սանձազերծի Իրանի դեմ ու դրանում ներքաշի նաև ԱՄՆ-ին, բայց ԱՄՆ-ն չի համաձայնում: 

Թրամփը բազմիցս զգուշացրել է Նեթանյահուին, որ չի մտնելու պատերազմի մեջ, ու պետք է խնդիրը լուծեն բանակցային ու դիվանագիտական ճանապարհով: Բայց Իսրայելը, ընդհանուր առմամբ, այո՛, փորձում է պատերազմ սկսել Իրանի դեմ, որտեղ պետք է ներքաշի նաև ԱՄՆ-ին: 

– Պարո՛ն Վարդանյան, եթե մինչև վերջ ԱՄՆ-ի համաձայնությունը չլինի, Իսրայելը ռազմական գործողությունների չի՞ դիմի:

– Կարծում եմ՝ ո՛չ, որովհետև միայնակ դժվար կլինի Իրանի դեմ պատերազմ մղել: ԱՄՆ-ի համար էլ է բարդ ու ռիսկային լինելու այդ պատերազմը, որովհետև Իրանը հայտարարել է, որ եթե իր դեմ պատերազմ սկսվի, ապա իր համար թիրախ են դառնալու նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները, ամերիկյան ռազմական թիրախները: 

Իրանը շատ լուրջ հրթիռային կարողություններ ունի, մինչև 2000 կիլոմետր հեռահարության հրթիռներ ունի, բալիստիկ ու թևավոր հրթիռներ ունի բավականին լավ, ու դրանք կարող են նաև ամերիկյան ռազմաբազաները խոցել: 

– Եթե, այնուամենայնիվ, պատերազմ սկսվի Իրանի դեմ, դա ի՞նչ ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանի ու Հայաստանի վրա:

– Ցանկացած պատերազմ Հայաստանի համար լուրջ հետևանքներ կունենա, որովհետև Իրանը մեր հարևան երկիրն է, իսկ այդ խոշոր խաղացող երկրի դեմ պատերազմը չի կարող չանդրադառնալ մեզ վրա, էլ չեմ ասում, որ դրանից կարող է օգտվել Ադրբեջանը, հետևաբար Հայաստանի համար ցանկալի է, որ այդ պատերազմը չլինի:

– Պարո՛ն Վարդանյան, դատելով ներկա փուլի իրողություններից՝ պատերազմի հավանականությունը որքա՞ն եք գնահատում:

– Պատերազմի վտանգն այնքան էլ մեծ չէ, նախկինում էլ նման դեպքեր շատ են եղել, կողմերը մոտ են եղել լայնածավալ պատերազմի, բայց կարմիր գծերը չեն անցել, ինչ-որ պահի կարողացել են կանգնեցնել պատերազմը: Դրա համար էլ ես կարծում եմ, որ այս մի փուլն էլ չի բերի պատերազմի:

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am

The post Ավելի շատ հոգեբանական գրոհ է գնում Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից. միջուկային բանակցությունները փակուղի են մտել. Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.