«Բոլորիդ նետելու եմ ԱԱԾ պադվալ» հայտարարությունից որոշ ժամանակ անց,«պատահականորեն», հենց Սեյրան Օհանյանի դեմ քրգործ է հարուցվում. Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ թույլ տալու հանրային քրեական հետապնդում հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում Վարդապետյանի ներկայացրած միջնորդագրերին:
– Մեղադրանքի մասով ոչինչ չունեմ ավելացնելու այն հրապարակմանը, որն արել է Արծվիկ Մինասյանը, սա ապօրինի քրեական գործ է: Եթե երկիրն այս վիճակում չլիներ, կարելի էր լավ ծիծաղել: Հանրության ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ շատ «պատահականորեն» Սեյրան Օհանյանի ու Արծվիկ Միննասյանի նկատմամբ միջնորդագիրը բերվում է հապշտապ, երբ խորհրդարանն արդեն պետք է ավարտի վերջին նստաշրջանը, հապճեպ բերվում է այն բանից հետո, երբ վերջին նիստին Նիկոլ Փաշինյանն ուղղակի գոռում էր խորհրդարանում, թե Սեյրան Օհանյանն ի՞նչ իրավունք ունի ընդհանրապես կոռուպցիայից խոսելու: Հիմա հարց՝ արդյոք սա պատահականությո՞ւն է: Վեհափառից սկսած մինչև ընդդիմադիր գործիչներ՝ ուղղակի իշխանության ռեպրեսիվ ալիքի թիրախում են, սա ակնհայտ է:
– Այսինքն՝ այս քրեական գործը, կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգո՞վ է եղել:
– Իմ տեսած բոլոր փաստերը դրա մասին են վկայում. Փաշինյանը խորհրդարանում որոշ ժամանակ առաջ, նայելով հենց Սեյրան Օհանյանին՝ ասաց, որ բոլորին նետելու է ԱԱԾ պադվալ: Թե այս ամենին ի՛նչ զանգ կամ հաղորդագրություն է հաջորդել այդ ուժային կառույցին՝ դժվար է ասել, բայց կարող ենք ենթադրել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ ազդակ եղել է, փորձը դա է ցույց տալիս:
– Տիկի՛ն Վարդանյան, նպատակը ո՞րն է:
– Փորձում է կաշկանդել մարդկանց: Կանխատեսում եմ, որ որքան ընտրությունների օրը մոտենա, ավելի շատ ենք տեսնելու նման քրգործեր։ Ավելի վաղ մամուլում նաև տեղեկություններ հայտնվեցին, որ այլ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ էլ են նման գործեր նախապատրաստվում: Հասարակությանն են նաև նման կերպ մեսիջ ուղարկում, որ եթե անձեռնմխելիություն ունեցող մարդանց նկատմամբ են նման քրեական հետապնդումներ իրականացվում, եթե ամեն օր Վեհափառի նկատմամբ նման թիրախային արշավ է լինում, ապա ինչ կարող է տեղի ունենալ շարքային քաղաքացու դեմ, որը կհամարձակվի կարծիք արտահայտել:
Նպատակներից մեկն էլ հանրային կարևոր օրակարգերից մարդկանց ուշադրությունը շեղելն է: «Թալանի վերադարձը», վստահ եմ, նրանց նախընտրական քարոզարշավի գլխավոր թեզերից մեկն է լինելու, բայց նաև վստահ եմ, որ յոթ տարին լիուլի բավարար էր այն հետ բերելու համար: 2026-ին Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ 2018-ի Նիկոլ Փաշինյանի կերպարով, սա կնշանակի հանրությանը հիմարեցնել:
Իհարկե մենք պետք է ամեն անգամ ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի մոլորեցնում է մարդկանց՝ ամեն անգամ այդ թալանը վերադարձնելու մասին խոսելիս, որպեսզի հանրության վրա ազդեցություն չունենա նրա այս մոլորեցնող թեզը: Մեր պարտականությունն է թույլ չտալ մոլորեցնել հանրությանը, դրա համար էլ մենք աշխատում ենք օգտվել հասանելի բոլոր հարթակներից, որպեսզի կարողանանք մարդկանց ներկայացնել ճշմարտությունը՝ այս համատարած ինֆորմացիոն տեռորի պայմաններում:
– ՔՊ խմբակցությունը կբավարարի՞ Դատախազության միջնորդությունը:
– Դատելով նախընթաց փորձերից ու ելքերից՝ իշխող ուժը երբեք համարձակություն չի ունեցել, կապ չունի, թե դատախազն ի՛նչ կարգի փնթի միջնորդություններով է ներկայանում, մերժել Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականին, հետևաբար կանխատեսելի է, որ միջնորդագիրը կբավարարեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post «Բոլորիդ նետելու եմ ԱԱԾ պադվալ» հայտարարությունից որոշ ժամանակ անց,«պատահականորեն», հենց Սեյրան Օհանյանի դեմ քրգործ է հարուցվում. Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
