Վստահ եմ՝ Եկեղեցու դեմ սկսած պայքարում էլ Փաշինյանը պարտվելու է. Արմեն Խաչատրյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը
– «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»,- պարո՛ն Խաչատրյան, սա Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման եզրափակիչ հատվածն է: Սա կո՞չ է մարդկանց հավաքվել Մայր Աթոռի շուրջ ու պահանջել Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացում, ինչպես, օրինակ, նման կոչով տարիներ առաջ Փաշինյանը դիմեց մարդկանց ու շրջափակեցին դատարանների շենքերը, թե՞ ոչ:
– Նիկոլ Փաշինյանը լուզեր է, ամբողջ աշխարհի համար է դա պարզ: Մենք գործ ունենք պարտվածի, ձախողվածի հետ, ու ես վստահ եմ, որ նա այստեղ էլ է պարտվելու, թեև եթե դատական համակարգի պարագայում իսկապես կար բարեփոխման անհրաժեշտությունը, ու այդ բարեփոխման պատասխանատուն ուղիղ ինքն էր ու մեղավոր է, որ այդ բարեփոխումները տեղի չունեցան, ապա այս պարագայում ո՞վ է ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը:
Մեր Եկեղեցին մշտապես ունեցել է ներքին ինքնավարություն, ու պատմության մեջ չկա մի օրինակ, երբ ինչ-որ մեկը փորձել է այդ ինքնավարությանը միջամտել: Արդյոք քրիստոնեության ու Եկեղեցու համա՞ր են Նիկոլ Փաշինյանի այս ներքին վայրիվերումները:
Պետք է ուշադրություն դարձնել, որ Եկեղեցու դեմ առաջին ելույթի ժամանակ այդ ընտանիքից հնչեց միտք՝ իսկ ի՞նչ էին անում Շվեյցարիայում, այդ ո՞ւմ էին ուզում վերադարձնել անվտանգություն և այլն, այսինքն՝ առաջին հակաեկեղեցական դրսևորումը եղել է այդ փաստից հետո՝ Վեհափառի՝ Շվեյցարիայում այդ հայտնի համաժողովում մասնակցությունից ու ելույթից հետո: Այսինքն՝ այստեղ մենք պետք է տեսնենք քաղաքական մոտիվացիա, ես չէի էլ բացառի, որ այս հակաեկեղեցական շարժումն իշխանության մոտ առաջացել է դրսից եկող պատվերի շրջանակներում, որովհետև համընկնումները մի քիչ շատ են:
Հասարակությունն այստեղ պետք է միակամ լինի, որովհետև սա ազգային ինքնությանն ուղղված հարված է, ու Նիկոլ Փաշինյանն այդ հարվածն ուղղում է հենց այդ դիտավորությամբ՝ քանդելու մեր ազգային ինքնությունը, ընդ որում՝ դա անում է շատ գռեհիկ ու ցինիկ ոճով ու բառապաշարով: Պետք է լինի հասարակական ընդվզում՝ հանուն ազգային ինքնության պահպանման:
– Այդ գրառումից հետո գնահատականներ են հնչում, ըստ որոնց նա նպատակ ունի առաջացնել ներքաղաքական լարվածություն կամ նույնիսկ քաղաքացիական բախումներ։ Որքանո՞վ են, Ձեր կարծիքով, այդ տեսակետները հիմնավորված, և հնարավո՞ր է, որ նման զարգացումների համար քաղաքական հող նախապատրաստվում է։
– Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին, ակնհայտ է, որ չունի անհրաժեշտ վստահություն ու շատ լավ հասկանում է, որ քվեով չի կարողանալու լուծել իշխանության հարցը: Նիկոլ Փաշինյանի այս հիստերիկ դրսևորումներն ապացուցում են, որ նրա համար այս պահին միակ ելքն անկայունությունն է ու քաղաքացիական պատերազմ տանող դրսևորումները:
Ես չեմ ասում, թե դիտավորություն ունի քաղաքացիական պատերազմ հրահրել, այլ՝ այս քայլերի հետևանքով կարող է իսկապես այնպիսի ընդվզում լինել, որ այս իշխանությունն էլ իր աթոռը պահելու համար գնա այնպիսի քայլերի, որը բացարձակ ցանկալի չէ մեր երկրի համար:
– Այսինքն, Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ Եկեղեցին քաղաքական հարցեր չքննարկի, կոնկրետ դեպքում՝ Արցախի վերաբերյալ որևէ բառ չասի, կոպիտ ասած, Եկեղեցուն հնազանդեցնի իրե՞ն:
– Ավելի անկեղծ լինենք, Եկեղեցին արդեն իսկ քաղաքական գործընթացներին առնչվել է, նախորդ տարվա ընթացքում տեսանք այդ հզոր շարժումը, որը ասոցացվում էր Եկեղեցու հետ, եթե անգամ Եկեղեցին չէր այդ շարժումն ուղղորդում կամ կառավարում: Ակնհայտ է, որ եթե անգամ ակտիվ դերակատարում չի ունենում, բայց իշխանությանը ընդդիմադիր կեցվածքով է դիրքավորված:
Երբ իրենք ասում են, թե Եկեղեցին ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ, ես կարծում եմ, որ գոնե պատգամավորի մակարդակով Սահմանադրություն կարդալն ու հասկանալը պետք է բավարար պահանջ լիներ այդ մանդատ ունեցողներին:
Գրված է, որ Եկեղեցին իրավունք չունի մասնակցելու պետական կառավարմանը, Եկեղեցին, ոչ թե մի եկեղեցական՝ առանձին վերցրած: Եկեղեցու սպասավորների մի հատվածը բացառապես ՀՀ քաղաքացի է, այսինքն՝ այդ մարդիկ օժտված են ընտրական ակտիվ իրավունքով, ու Ընտրական օրենսգրքում որևէ տեղ չկա եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու արգելք, այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կամ պետական պաշտոն զբաղեցնելու որևէ արգելք գոյություն չունի որևէ օրենքով:
Ա՛յ պետությունը, որ չպետք է խառնվի Եկեղեցու ներքին հարցերին, կա թե՛ սահմանադրական, թե՛ օրենսդրական արգելք: Նիկոլ Փաշինյանը, բացի ազգային նկարագիրը ոտնահարելու հիմնախնդրից, լուծում է նաև երկրորդ խնդիր՝ իր քաղաքական հակառակորդներին թուլացնելու կամ վերացնելու, սա ակնհայտ է:
Եկեղեցու դեմ արշավի իմաստը բացարձակ քաղաքական է, Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ տոգորված չէ Եկեղեցին փրկելու սրբազան մոլուցքով: Դատական իշխանության դեմ ունեցած նախորդ հիստերիկ դրսևորումներից հետո մենք արդյունքում ունեցանք իր դատական իշխանությունը, որը ծառայում է իրեն, այսինքն՝ նպատակն ամենևին էլ անկախ դատական համակարգ ունենալը չէր, այլ՝ իրեն հնազանդ:
– Պարո՛ն Խաչատրյան, որտեղի՞ց վստահությունը, որ ասում եք՝ Փաշինյանն այս պայքարում էլ է պարտվելու:
– Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարին է տվել այդ վստահությունը, նա միշտ պարտվել է, ցույց տվեք մի ոլորտ, որում հաղթանակ է տարել:
– Քաղաքացիական բախումների հավանականությունը որքա՞ն եք գնահատում:
– Կարծում եմ, որ մեր քաղաքական ուժերն ու ժողովուրդն այնքան իմաստուն կլինեն, որ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն չեն տա, որ նա տեսնի եղբայրասպանություն մեր առանց այն էլ արյունաքամ երկրում: Առաջիկա գոնե մեկ տարում քաղաքական պրոցեսներն այնպես պետք է զարգացնել, որ նման բախումներ չլինեն:
Նիկոլ Փաշինյանն օրը տասն անգամ հայհոյում է, Եկեղեցին պարկեշտ մի հայտարարություն է արել ու վերջ: Քաղաքական ուժերն էլ պետք է նույնը անեն, ժողովրդական լավ խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է, մենք էլ մեր քարավանը պետք է ճիշտ ուղղությամբ տանենք: Բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե իրականում խնդիր ունեն ՀՀ-ն ազատագրել այս ռեժիմից, պետք է ընտրեն այդ ճանապարհը ու հանգիստ, խաղաղ գնան՝ անկախ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Վստահ եմ՝ Եկեղեցու դեմ սկսած պայքարում էլ Փաշինյանը պարտվելու է. Արմեն Խաչատրյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
