Իսկ ինչպե՞ս էր 2019-ին տրանսպորտը ձեռք բերվում Երևանի բյուջեի հաշվին՝ առանց թանկացումների ու մարդկանց նեղություն տալու. Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, օրեր առաջ Երևանի քաղաքապետարանից դժգոհեցին, թե տրանսպորտի նոր շարժակազմ չեն կարող ձեռք բերել, որովհետև հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման բոյկոտի հետևանքով բավարար գումար չի հավաքվել: Նոր շարժակազմ գնելու միակ ֆինանսական աղբյուրը քաղաքացիներից ստացած տրանսպորտի վճա՞րն է, այլ աղբյուր չունի՞ քաղաքապետարանը:
– Քաղաքապետարանը դարձել է անվերջ բողոքող կառույց, իրենց անընդհատ ինչ-որ բան խանգարում է, որ կարողանան աշխատել: Մինչ այս ասում էին, թե բոյկոտ չկա, այն չի հաջողվել, հիմա հանկարծ պարզվեց, որ դրա պատճառով ինչ-որ բան չեն կարողանում անել:
Մենք հիշում ենք, որ 2019-ին, երբ Մարությանի ժամանակ ձեռք էր բերվում տրանսպորտը, մեծ մասը ձեռք բերվեց Երևանի բյուջեի հաշվին՝ առանց թանկացումների, առանց քաղաքացիներին անհանգստացնելու, ու այդ գումարները քաղաքապետարանը գտնում էր ու ոչնչի մեջ հավելյալ չէր մտնում: Հիմա այսքան ավելացրեցին հարկերը, ավելացրեցին հարկահավաքման ձևերը, ու պարզվում է՝ այդ բոյկոտի հետևանքով չեն կարողանում տրանսպորտ գնել:
Այս քաղաքապետարանը պետք է սովորի, որ ի վերջո պետք է պատասխանատվություն կրել սեփական սխալ քաղաքականության ու ոչ կոմպետենտության համար: Մինչև ուղեվարձի փոփոխությունը բազմիցս ենք ասել, որ տեխնիկական խնդիրները շատ են, դուք չեք տալիս որակ, բայց փոխարենը պահանջում եք հավելյալ գումար, չլսեցին:
Մարդիկ կայացրին իրենց որոշումը՝ չվճարել, մեղադրում են ընդդիմադիրներին, բայց ընդդիմությունը չի կարող հրահրել այն, ինչ չկա, սա մարդկանց արդարացի որոշումն էր: Այս մարդիկ առաջնայինը երկրորդայինից չեն տարբերում, ամենուր ուռճացված թվեր են ու զրո արդյունք քաղաքացիների համար:
– Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին կարողանում էին առանց թանկացումների անհրաժեշտ գումարը գտնել, ինչպես ասում եք, իսկ հիմա չեն կարողանում:
– Որովհետև պետք է գրագետ կառավարում իրականացնել, այլ ոչ թե այն ձևով, ինչով անում են, նրանք ռեֆորմներ են անում՝ առանց ռիսկերը հաշվարկելու, նրանք բացում են որովայնը ու հընթացս որոշում, թե ո՛ր անոթից կլինի արյունահոսություն, ու սկսում են մտածել, թե ինչ պետք է անել: Իսկ դրա հետևանքով իրենց հիվանդը կա՛մ մահանում է, կա՛մ մնում է հաշմանդամ: Ամեն բան թանկացրել են, իրենք են ասում, թե քանի միլիարդով է ավելացել քաղաքային բյուջեն, բա ինչի՞ մասին է խոսքը, բա այդ հավաքված հարկերն ինչի՞ համար են, ի՞նչ ծառայություն է ստանում երևանցին ձեզանից, միայն բալե՞տ:
– Տիկի՛ն Վարդանյան, քաղաքապետարանում արդյոք ընդունո՞ւմ են, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը ձախողված է, թե՞, ինչպես հայտարարել են, դեռ պետք է օրենսդրական եղանակով տուգանք սահմանեն չվճարող քաղաքացիների համար:
– Եթե նրանք դա էլ անեն, ապա իրենց ապտակը կրկնակի կլինի, երևանցիներին ավելի են զայրացնելու իրենց մատուցած անորակ ծառայության համար: Եթե նրանք ասում են, թե գումար չկա, այսինքն՝ նոր շարժակազմ չեն գնելու, ուրեմն թող ուղեվարձը իջեցնեն, չէ՞ որ չունեն այդ շարժակազմը, որի համար այդ գումարն ավելացրել են: Նրանք անընդհատ մեղավորներ նշանակելու գործին են, հիմա ստացվեց, որ բոյկոտող քաղաքացիներն ու ընդդիմադիրներն են մեղավոր, որոնք «հրահրեցին» այդ բոյկոտը: Այս մարդիկ ուղղակի չեն կարողանում նայել հայելու մեջ ու տեսնել իրական մեղավորին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Իսկ ինչպե՞ս էր 2019-ին տրանսպորտը ձեռք բերվում Երևանի բյուջեի հաշվին՝ առանց թանկացումների ու մարդկանց նեղություն տալու. Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
