ru24.pro
World News
Июнь
2025

Նիկոլ Փաշինյանն իր վարքով թուլացնում է և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, նման վարքն անթույլատրելի է. Հրաչյա Արզումանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– «Ինձ համար իհարկե անընդունելի է, երբ Եկեղեցին քաղաքականացվում է, բայց այսօր դա է վիճակը, պետությունն ու Եկեղեցին պետք է միասին աշխատեն: Ուրիշ գործոններ, որ կարող են օգնել Հայաստանին, Հայաստանի իշխանություններին, ես ուղղակի չեմ տեսնում»,- մեր հարցազրույցներից մեկի ժամանակ նման միտք ասացիք, պարո՛ն Արզումանյան: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն անընդհատ գրառումներ է անում Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տարբեր հոգևորականների վերաբերյալ: Կատարվողն ինչպե՞ս եք գնահատում:

– Կատարվողը, ցավոք սրտի, բավականին տրամաբանական է: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, որևէ կապ չունի ո՛չ պետական, ո՛չ ազգային շահի հետ: Տեսանելի է երկու շերտանոց գործընթաց. Նիկոլ Փաշինյանի քայլերը զուտ իշխանությունը պահպանելու տրամաբանության մեջ են տեղավորվում: Իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը փորձում է ապամոնտաժել ու հարվածներ է հասցնում Եկեղեցուն: 

Սերժ Սարգսյանի Սահմանադրության տրամաբանությունը ավտորիտար է, ու բոլոր ավտորիտար առաջնորդները փորձում են իրենց ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը մտնում է պատերազմի մեջ Հայ Առաքելական եկեղեցու հետ այդ հարցը լուծելու համար, նա ուզում է լինել միակը, որը Հայաստանում որոշումներ է կայացնում: 

Երկրորդ շերտն ավելի շատ կախված է արտաքին ուժային կենտրոնների ռազմավարությունից ու քաղաքականությունից, որոնք նպատակ ունեն ապամոնտաժել հայկական պետությունը ու Նիկոլ Փաշինյանի միջոցով հարվածներ են հասցնում հայ ազգի ինքնությանը: 

Այս ամենը տեղի է ունենում հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի մեթոդներով ու տրամաբանությամբ: Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս հարվածները ևս մտնում են այդ տրամաբանության մեջ, Նիկոլ Փաշինյանը կիրառում է տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի այդ դասական մեթոդները: 

Հիմա այդ ամենը Փաշինյանն անում է, որ իշխանությունը պահի՞, թե՞ այստեղ աշխատում են նաև ուժային կենտրոնները՝ Ռուսաստան, Թուրքիա և ուրիշներ, ինձ համար էական չէ, որովհետև հետևանքները ցանկացած դեպքում էլ նույնն են՝ հարվածներ հայ ազգի ինքնությանը, պետությանը, որն իրականացնում է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն իր վարքով թուլացնում է և՛ Եկեղեցին, և՛ պետությունը: Նման վարքն անթույլատրելի է, ու ես վստահ եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին կհաղթահարի այս ամենը:

– Ինչպե՞ս եք գնահատում Եկեղեցու արձագանքն այս ամենին:

– Մենք գտնվում ենք մի վիճակում, որում բոլոր կողմերը պարտվում են, մի ռազմավարություն է իրականացվում Նիկոլ Փաշինյանի ձեռքերով կամ կողմից, որում բոլոր կողմերը պարտվում են, հաղթում է թշնամին՝ այն ուժային կենտրոնները, որ ուզում են Հայաստանը ոչնչացնել: Հետևաբար չեմ ուզում որևէ վերլուծություն անել, կարևոր է հասկանալ, որ այստեղ բոլորը կորցնում են, Նիկոլ Փաշինյանը՝ ևս:

– Պարո՛ն Արզումանյան, իսկ Եկեղեցին այս պարագայում ի՞նչ պետք է անի:

– Եկեղեցին արդեն արել է՝ տարածելով հայտարարությունը, որը միանգամայն նորմալ էր ու տրամաբանական: Բայց Նիկոլ Փաշինյանը վաղուց դուրս է Սահմանադրությունից ու հարվածում է պետությանը, մենք՝ որպես հասարակություն, չպետք է ընդունենք այս վարքը, պետք է ազդել նրա վրա: 

Ես նաև հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հանուն պետության շահերի չի գնա երկխոսության Եկեղեցու հետ, բայց գոնե պետք ազդել, որ դադարեցնի այս արշավը: Եթե Նիկոլ Փաշինյանը այսպես շարունակի, մենք կարող ենք ունենալ անկանխատեսելի հետևանքներ, ինչն անընդունելի է ինձ համար, ես կրկնում եմ, որ այս ամենի մեջ բոլորն են պարտվում, հաղթում է մեր թշնամին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Նիկոլ Փաշինյանն իր վարքով թուլացնում է և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, նման վարքն անթույլատրելի է. Հրաչյա Արզումանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.