«Մինչև հիմա իրա սիրած թխվածքները չեմ կարողանում թխել»… Գոհարինեն՝ որդու՝ 16-ամյա Սերգեյի կորստի, ցավի և ընտանիքի ճանապարհի մասին
«Մեր տնից մի փոքր հեռավորության վրա է գյուղի գերեզմանատունը։ Ես ամեն օր այցելում եմ Սերգեյիս, փորձում եմ կարոտս առնել։ Շատ եմ զգում իրա բացակայությունը»,- ասում է Գոհարինե Գրիգորյանը, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կորցրել է որդուն՝ տան վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Ավագ որդու մասին պատմելիս Գոհարինեն անգիտակցաբար շոշափում է մատը, որում դեռ բեկորներ են մնացել. «Նա ընդամենը 16 տարեկան էր, շատ երազանքներ ուներ, ուզում էր ծրագրավորող դառնալ։ Պատերազմի նախորդ օրը մենք պետք է դուրս գայինք գյուղից, սպասում էինք նորությունների։ Ամեն բան ուրիշ ձևով կլիներ, եթե հասցնեինք»։
Ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո կարճ ժամանակով հաստատվել էր Հայաստանում՝ Մեծ Մանթաշ գյուղում, իսկ նախքան պատերազմն ապրել են Դադիվանք գյուղում։ Գոհարինեն աշխատել է տեղի եկեղեցում որպես մոմովաճառ։ Սակայն Հայաստանում որդիները չեն հարմարվում, մեծ որդին՝ Սերգեյը, անընդհատ խնդրում էր վերադառնալ Արցախ։
«Մենք նորից վերադարձանք Արցախ, հաստատվեցինք Քոլատակ գյուղում։ Տղաներս գնում էին դպրոց, ես ու ամուսինս էլ աշխատանքի անցանք։ Ես էլի մոմավաճառ էի աշխատում Հակոբավանքում, ամուսինս՝ Վահագնը, պահակ։ Փոքր որդիս՝ Մկրտիչը, շատ էր սիրում եկեղեցական կյանքը, ուզում էր սարկավագ դառնալ, բայց եղբոր դեպքից հետո հրաժարվեց էդ մտքից»,- պատմում է Գոհարինեն։
Չիրականացած մեկնում. սեպտեմբերի 19-ի առավոտը
Քոլատակում կյանքն ընթանում էր բնականոն հունով մինչև շրջափակումը։ Գոհարինեն անհանգստանում էր որդիների ապագայի համար, ամուսնու հետ որոշում են Սերգեյին հիմնական դպրոցից հանել և ուղարկել քոլեջ՝ Հայաստանում։ Կարմիր խաչի օգնությամբ նրան Արցախից Հայաստան տեղափոխելու թույլտվության համար սկսվում է քաշքշուկ՝ մինչև սեպտեմբերի 15-ը։ Գոհարինեին Ստեփանակերտում ասում են, թե պետք է սպասեն մինչև հրաման կլինի, և ռուս խաղաղապահների օգնությամբ կտեղափոխվեն Հայաստան։
«Դիմումը գրելուց հետո գնացինք Վանք գյուղ՝ տեր Հովհաննեսի տուն, քանի որ Քոլատակում կապ չկար, ու եթե զանգեին էլ, չէինք իմանա։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան հասանք Վանք: Տեղավորվեցինք ու սկսեցինք սպասել, քանի որ մեզ ասել էին, թե հրամանը ամսի 20-ին ա լինելու»,- հիշում է նա։
Սեպտեմբերի 19-ի առավոտյան Գոհարինեն կրկին ճամպրուկներն էր կարգի բերում։ Հետո սկսեց ճաշի պատրաստությունը։
«Ես խոհանոցում էի, երբ ուժեղ ձայներ լսեցի։ Մտածեցի՝ եղանակից է։ Ամուսինս տնից դուրս էկավ, ասեց՝ կրակում են։ Մոտավորապես ժամը 1-ին արկը հենց տան մեջ պայթեց, տանը վեց հոգով էինք։ Ամուսինս գոռաց՝ Սերոժիկը, օգնեք։ Ձեռներս արյան մեջ էին, կարծես ծանրացել էին։ Հասկացա, որ որդիս իմ կարիքն ունի, ու արյունաքամ լինելով հասա հյուրասենյակ»։
Պայթյունը բոլորին մի կողմ էր շպրտել։ Գոհարինեն առաջինը տեսնում է ավագ որդուն՝ Սերգեյին՝ անգիտակից։ Ամուսինը, փոքր որդին ու տեր Հովհաննեսը արյան մեջ էին՝ հատակին։ Հարևաններից մեկն էլ բակում էր՝ անգիտակից։
«Ամուսինս վարագույրով կապեց ձեռքերս, որ արյունահոսությունը կանգնեցնի։ Ես դուրս եկա բակ, որ օգնություն կանչեմ։ Շատ թույլ էի, ընկա։ Մկրտիչը եկել էր իմ մոտ, լրիվ արյան մեջ էր։ Շուտով հարևաններից մեկն օգնության էկավ։ Մի կերպ ասի՝ Սերոժիկիս փրկի»։
Համագյուղացիների օգնությամբ Գոհարինեին ու տան անդամներին տեղափոխում են Վանքի հիվանդանոց։ Մայրը լսում է՝ ավագ որդու վիճակը ծանր է. «Ասում էին՝ շուտ Ստեփանակերտ ուղարկեք, սիրտն ա, չի դիմանա»։
Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխված առաջին վիրավորներն էին։ Բժիշկները արագ առաջին օգնություն են ցույց տալիս. «Սերգեյն իմ դիմաց էր՝ անգիտակից։ Ես պառկած էի պատգարակի վրա, իրեն էի նայում։ Մեզ ասին, որ կրտսեր որդուս պետք է մանկական հիվանդանոց տեղափոխեն։ Նայեցի իրան, ասի՝ պապան հետդ ա, չվախենաս։ Էդ պահին էլ ինձ տարան հետազոտությունների»։
Գոհարինեն ուշքի է գալիս սեպտեմբերի 20-ին՝ մոտ 9 ժամ տևած վիրահատություններից հետո։ Իրեն թվում էր, թե դեռ նախորդ օրն է. «Ամուսինս էկավ իմ մոտ։ Հարցրի, թե էրեխեքը ոնց են։ Ասեց՝ ամեն բան լավ ա։ Խնդրեցի նկարի՝ տեսնեմ»։
Ամուսինը՝ Վահագնը, շուտով վերադառնում է։ Ցույց է տալիս միայն փոքր որդու՝ Մկրտիչի լուսանկարը, որն այդ ժամանակ 13 տարեկան էր. «Ինձ ասեց, թե Սերգեյի վիճակը շատ ծանր ա, մի քանի օրից կնկարի։ Փոքր տղիս վիճակն էլ էր ծանր, դեղ չկար, վիրահատությունից հետո երկար ժամանակ բաց վերքերով ա մնացել»,- հիշում է նա։
Սեպտեմբերի 22-ին, երբ Կարմիր խաչի գրասենյակից գալիս են Ստեփանակերտի հիվանդանոց, որպեսզի տեղափոխեն ծանր վիճակում գտնվող վիրավորներին, Գոհարինեն լսում է, որ ավագ որդու կյանքը փրկել չի հաջողվել. «Ամուսինս հիվանդանոցով մեկ գոռում էր, որ մեզ տեղափոխեն Հայաստան։ Մեր վիճակը շատ ծանր էր։ Էդ ժամանակ էլ լսեցի, թե ոնց ասեց, որ տղաներից մեկը մահացել ա, գոնե մյուսի կյանքը հնարավոր լինի փրկել»։
Սերգեյին փոքր դագաղով ուղարկեցինք Հայաստան. իր չափով դագաղ չկար, մի կերպ գտանք
Սերգեյի հիշատակի անկյունում անձնական իրեր են և ընտանեկան լուսանկարներ։ Մայրն ասում է՝ լուսանկարվել ու մեծ հավաքներ չէր սիրում։ Գերադասում էր տանը լինել՝ ծնողների ու եղբոր հետ. «Մինչև հիմա իրա սիրած թխվածքները չեմ կարողանում թխել, ձեռքս առաջ չի գնում։ Միշտ ասում էր, որ իմ թխածները շատ ա սիրում, հատկապես երբ բոլորով տանն էինք լինում ու նստում սեղանի շուրջ։ Հիմա ամեն բան կիսատ է՝ համ մեր առողջությունը, համ տունը»։
Գոհարինեն երկար դադարներով է պատմում, թե ինչպես են որդու մարմինը տեղափոխել Հայաստան։ Ասում է՝ Սերգեյի հասակով դագաղ չկար, մի կերպ կարողացել են փոքր դագաղ գտնել, մարմինը ծալել ու Կարմիր խաչի մեքենայով ուղարկել Հայաստան։ Հարազատներն են զբաղվել հուղարկավորության հարցերով։ Սերգեյի գերեզմանը Մեծ Մանթաշ գյուղում է, որտեղ այսօր ապրում է ընտանիքը։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին։
«Սեպտեմբերի 24-ին Կարմիր խաչի մեքենաներով դուրս էկանք Արցախից։ Սերգեյին տարան դիահերձարան, ինձ ու փոքր տղիս էլ՝ տարբեր հիվանդանոցներ։ Մկրտիչը երբեք չի ասել, թե ոնց ա իմացել ախպոր մասին։ Ամուսինս պատմում ա, որ հաճախ լաց ա էղել, հարցրել, թե ուր ա Սերգեյը»։
Հայաստանում Գոհարինեին 5 անգամ բարդ վիրահատություն են արել, բեկորային վնասվածքներ ուներ ստամոքսում, որդին՝ նույնպես։ Փոքր տղային նա տեսել է հոկտեմբերի 19-ին, երբ ամուսինը իրեն տարել է հիվանդանոց. «Հենց էդ օրը հասկացա, որ ինքն ամեն ինչ գիտի։ Գրկեց ինձ, սկսեց բարձր լաց լինել։ Ես ուզում էի իրան ասել, որ Սերգեյը չկա, բայց հարազատներս չթողեցին։ Վստահ եմ, որ արդեն գիտեր։ Նույն գիշերն էլ հորը հարցրել էր՝ ինչի չեն կարողացել Սերգեյին փրկել»։
Հուղարկավորությունից 40 օր անց Գոհարինեն առաջին անգամ այցելել է որդու գերեզման. «Վիրահատություններից հետո ես սկսեցի Մկրտիչի խնամքով զբաղվել։ Մեր ընտանիքը շատ փոխվեց Սերգեյի կորստից հետո։ Հիմա մի կերպ փորձում եմ Մկրտիչի կողքին լինել, որ շատ չփակվի իրա մեջ»։
Նախքան պատերազմը ընտանիքում ավանդույթ էր իրենց ծննդյան օրերը տոն դարձնել։ Ապրիլի 19-ին Գոհարինեի, ամուսնու և Մկրտիչի ծննդյան օրն էր։ Սերգեյի մահից հետո չեն կարողանում նշել. «Երբ դեռ նոր էր դեպքը էղել, բացարձակ չէի էլ ուզում անկողնուց վեր կենալ, տանը չէինք էլ խոսում էդ մասին։ Հետո կամաց-կամաց, Մկրտիչի համար սկսեցինք նշել։ Սիրտս չի դիմանում, որ նույն օրը տարել է մյուս որդուս, բայց շարունակում եմ ապրել հանուն ընտանիքիս»։
Մկրտիչը վերադառնում է դպրոցից։ Գոհարինեն խոհանոցում ճաշի սեղան էր պատրաստում։ Դժգոհում է. «Մկրտիչը Սերգեյի հակապատկերն է, միշտ տանը չի ուտում, չնայած առաջ սիրում էր, որ ես էի պատրաստում։ Հաճախ եմ զայրանում, քանի որ նրան չի կարելի արագ սնունդ ընդունել, ախր ստամոքսի կեսը հեռացրել են։ Չեմ կարողանում համոզել, որ տանը սնվի։ Փորձում եմ ամեն ինչ իրա սրտով անել, որ շատ չնեղվի։ Ես էլ, ամուսինս էլ չենք խոսում կատարվածի մասին։ Ուզում ենք իրա նպատակներին հասցնել»,- ասում է նա։
Շուշան Փափազյան
Անի Գևորգյան
The post «Մինչև հիմա իրա սիրած թխվածքները չեմ կարողանում թխել»… Գոհարինեն՝ որդու՝ 16-ամյա Սերգեյի կորստի, ցավի և ընտանիքի ճանապարհի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
