ru24.pro
World News
Май
2025

Լավրովի և Միրզոյանի հայտարարությունները վկայում են, որ ռազմավարական առումով հայ-ռուսական հարաբերությունները կասկածի ենթակա չեն. Բադալյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:  Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսից ի՞նչ առանցքային կետեր կառանձնացնեք:

– Եթե համառոտագրենք արդյունքի վերաբերյալ գնահատականը, ապա Լավրովի այցն ու քննարկումները՝ արված արտահայտությունները թե՛ Լավրովի, թե՛ Միրզոյանի շուրթերով, վկայում է այն, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամը կրում է տակտիկական բնույթ ու չի հասել ռազմավարական գծերի, այն, ինչ մասին խոսում եմ 2022 թվականի վերջերից, երբ առավել սուր սկսեցին դրսևորվել տարբեր մոտեցումները կամ հռետորաբանությունը միմյանց հասցեին: 

Այս իմաստով Լավրովի այցը պարզապես արտացոլեց, որ շարունակվում է տակտիկական բաժանումների շրջանը, այսինքն՝ որոշ մոտեցումների շուրջ անհամաձայնություններ, տարբեր պատկերացումներ, բայց ռազմավարական առումով հայ-ռուսական հարաբերությունները ենթակա չեն բաժանման կամ կասկածների, ինչպես արձանագրեցին թե՛ Լավրովը, թե՛ Միրզոյանը:

Սա նաև քաղաքական իրողություններից բխող պատկերն է, որի առնչությամբ առիթ եմ ունեցել բազմիցս արտահայտվելու: Նկատենք նաև, որ Լավրովի այցի ծրագրվածության մասին հայտարարվեց դեռ հունվարին՝ ՀՀ արտգործնախարարի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, այսինքն՝ պրոցեսը ծավալվել է անցնող ամիսների ընթացքում: 

– Իսկ հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ քայլեր արվո՞ւմ են:

– Ճգնաժամն անշուշտ կհաղթահարվի, բայց դա ամենևին չի նշանակում վերադարձ նախկինին: Հարաբերական հարց է՝ ինչ է նշանակում նախկին հարաբերություն, ու այն ինչ շերտեր է պարունակել, ու առերևույթ անամպ շերտերի պայմաններում ինչ էր իրականում կատարվում, ու ինչպիսին են եղել բուն հարցերի վերաբերյալ խորքային մոտեցումները, որոնք չեն բարձրացել այսպես կոչված մակերես: 

Իրավիճակը եղել է այնպիսին, որ հարաբերություններում եղած խորքային հարցերը հնարավոր է եղել առանց հրապարակային դրսևորումների, հետագայում փոխվել են մարտահրավերները, փոխվել է իրողությունների տրամաբանությունը, հետևաբար փոխվել են նաև հայ-ռուսական հարաբերությունների դրսևորումները: 

Ճգնաժամ ասվածը գալիս է դեռ 2000-ականների սկզբից, երբ Ռուսաստանն ընտրեց աշխարհաքաղաքական դերակատարման ու ազդեցության կենտրոնի դիրքը վերականգնելու ճանապարհը, ինչը ենթադրում էր սերտ հարաբերություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ այդտեղից արդեն առաջանալու էին Հայաստանի հետ հարաբերության որոշակի խնդիրներ: 

Այս իմաստով ճգնաժամը, այո՛, կհաղթահարվի, բայց ոչ վերադարձ նախկին ռեժիմի տեսքով: Ինչպիսին կլինի հարաբերության նոր մեխանիզմը, որոնք կլինեն անկյունաքարերը, իհարկե դեռ ենթակա կլինեն քննարկման, այսինքն՝ Ռուսաստանն ու Հայաստանը հիմա անցնում են դրա միջով, ու այստեղ առանցքային նշանակություն է ունենալու ոչ միայն երկու երկրի հարաբերությունը, այլ նաև այն, թե ինչպես է լինելու աշխարհաքաղաքական միջավայրը, օրինակ՝ հենց ամերիկա-ռուսական երկխոսությունը, ու հայ-ռուսական հարաբերությունները, ըստ էության, իրենց վրա կրելու են նաև դրա ազդեցությունը: 

– ՀՀ գործող իշխանությունն ասում է, թե նախկին իշխանությունները եղել են ռուսների հնազանդ կատարող, բայց իրենք հիմա փորձում են հարաբերություններ կառուցել հավասարը հավասարի հետ: Ռուսաստանի հետ հարաբերությունը հիմա որքանո՞վ է իշխանության ասած մակարդակի վրա, պարո՛ն Բադալյան:

– Այդ հայտարարությունները բացառապես ներքաղաքական նշանակության են ու գործող իշխանության համար ընտրազանգված մոբիլիզացնելու եղանակներից: Լայնորեն խաղարկվում է այդ թեման, Ռուսաստանն էլ սկզբունքորեն դրան դեմ չէ: Պաշտոնական Երևանը փորձում է այդ հռետորաբանությունը կապիտալացնել եվրոպական ուղղությամբ իր հարաբերություններում, հնարավորինս հարմար գնով դա վաճառել ԵՄ-ի վրա, ստացվում է դա, թե՞ ոչ՝ սա հարցի մյուս կողմն է: Կարծում եմ, որ ԵՄ-ում էլ սիրահոժար ձևով չէ, որ գնում են այն, ինչ փորձում է Երևանը վաճառել, սա էլ իհարկե իր պատճառներն ունի: 

Բուն հարաբերության, ինքնիշխանության աստիճանի մասով ոչ միայն չկա աստիճանի բարձրացմանը միտված փոփոխություն, այլև հակառակը՝ Հայաստանի պաշտոնական քաղաքականության մեջ գերակայում են Ադրբեջանի թելադրած նարատիվները, ու այստեղ ինքնիշխանության աճի մասին խոսք լինել չի կարող: Ակնհայտ է, որ պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխանության աստիճանի նվազում է եղել, ու դա չտեսնել՝ նշանակում է զբաղվել ջայլամային վարքագծով: 

– Այսինքն՝ այն, որ Ռուսաստանը Կովկասը թողնում է, բնավ այդպե՞ս չէ:

– Իմ գնահատմամբ՝ այդպես չէ, դրա համար էլ ես հիշատակեցի դեռ 2022-ից իմ գնահատականները: Պարզապես Ռուսաստանը, պայմանավորված ռեսուրսների սղությամբ, նաև հաշվի առնելով ուկրաինական պատերազմը, Կովկասում սկսեց վարել տակտիկական նահանջի քաղաքականություն՝ միևնույն ժամանակ ուշադրությունը կենտրոնացնելով ուղղակի ռազմավարական ռիսկեր թույլ չտալու վրա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Լավրովի և Միրզոյանի հայտարարությունները վկայում են, որ ռազմավարական առումով հայ-ռուսական հարաբերությունները կասկածի ենթակա չեն. Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.