Այն, ինչ Փաշինյանին հաջողվեց 2021-ին՝ նախկիններին դեմոնիզացնելով վերարտադրվել, այս անգամ կարող է հակառակ էֆեկտը տա. Սուրեն Սուրենյանց
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, ո՞րն է քաղաքական նպատակը, երբ իշխանությունն իրենց թիմակցի կողմից խորհրդարանի ամբիոնից հնչեցրած հայհոյանքը անտեսում է, բայց ընդդիմադիր պատգամավորի՝ դահլիճից հնչեցրած հայհոյանքը արձանագրում է: Ընդդիմությունն էլ իր հերթին իրենց թիմակցի այդ վարքը նորմալ է համարում:
– Ես բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության մեջ բացառում եմ, դրանք պետք է տեղ չունենան, հատկապես բռնությունը, որովհետև խոսքը որքան էլ տգեղ լինի, այնուամենայնիվ բռնություն չէ:
Երկու խմբակցությունն էլ զբաղված է հետևանքի քննարկումով. սկզբունքորեն, պետք է արձանագրել, որ այս վերջին լարված մթնոլորտի հիմքը դրել է Նիկոլ Փաշինյանը: Այս նոր ցիկլի լարվածության ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է, եթե նա օգտագործած չլիներ «համբալ» բառը, Լևոն Քոչարյանը ստիպված չէր լինի հակադարձել դրան, ու այդ ամենը չէր սկսվի: Այդ նշաձողն իջեցրել է Նիկոլ Փաշինյանը, մնացած ամեն ինչը հետևանք է:
– Իսկ ի՞նչ նպատակով է Նիկոլ Նիկոլ Փաշինյանն իջեցնում այդ նշաձողն, ինչպես դուք եք ասում:
– Դա իր քաղաքական մշակույթի հայելին է, այնպես չէ, որ նա խիստ ինտելեկտուալ ու զուսպ անձնավորություն է ու պոռթկում է: Երկրորդ՝ նա մի թրենդի մեջ է, որ իրեն թվում է, թե պետք է սևեռվի ներկա-նախկին թեզի վրա, որովհետև նախկինները հարմար ընդդիմություն են իր համար:
Իր տեսլականը սա է, դրա համար էլ սրում է այս վիճակը, բայց միանգամից ասեմ, որ այդ թեզն այս անգամ կարող է նույնիսկ իր դեմ աշխատել, որովհետև հասարակությունը կարող է ընտրել չարյաց փոքրագույնը, Գյումրու ընտրությունները հենց դրա մասին էին: Էլի ամբողջ թիմով կենտրոնացան Վարդան Ղուկասյանի վրա, որովհետև համարում էին, թե Վարդան Ղուկասյանը հարմար ընդդիմություն է, նրան հեշտությամբ կարող են հաղթել, իսկ արդյունքը բոլորս տեսանք:
– Հիմա թիմով կենտրոնացել են միայն Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ նաև Սերժ Սարգսյանի վրա:
– Չէ՛, Սերժ Սարգսյանի վրա էլ են կենտրոնացել՝ դատական այդ նիստերը և այլն, բայց ասում եմ, այդ ներկա-նախկինը ու այդ խճանկարը շատ վատ են երկրի համար, որովհետև հասարակության մեծ մասը ո՛չ հին համակարգի, ո՛չ գործող իշխանության կողմնակից է, բայց այն, ինչ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 2021-ին՝ նախկիններին դեմոնիզացնելով վերարտադրել իր իշխանությունը, այս անգամ կարող է լրիվ հակառակ էֆեկտը տալ: Ես գրեթե վստահ եմ, որ եթե նա չվերանայի իր այս մոտեցումը, ապա այն հակառակ էֆեկտն է տալու:
– Պարո՛ն Սուրենյանց, որքան էլ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանն է սրել իրավիճակը, բայց արձագանք չպե՞տք է լինի պատգամավորների, հատկապես՝ այն պատգամավորի վարքին, որը խորհրդարանի ամբիոնից հայհոյում է նաև հասարակությանը:
– Բնականաբար պետք է լինի, եթե մենք նորմալ քաղաքական մշակույթ ունենայինք, հիմա էթիկայի հանձնաժողով պետք է ձևավորվեր, ու բոլորի դեպքով էլ պետք է զբաղվեր՝ թե՛ Արսեն Թորոսյանի, թե՛ Լևոն Քոչարյանի, թե՛ Հակոբ Արշակյանի, թե՛ Ռուբեն Ռուբինյանի: Երեկվա այդ բոլոր ելույթները ատելության խոսքի տարածում էին կամ վիրավորական արտահայտություններով համեմված:
– Իսկ իշխանական խմբակցությունն ասում է, թե իրենք լսել են մեկ հայհոյանք, որը հնչել է Լևոն Քոչարյանի կողմից:
– Իսկ Արսեն Թորոսյանը օրհնո՞ւմ էր, կամ Ռուբեն Ռուբինյանի արած արտահայտությունը, որը քրեական ենթամշակույթում է օգտագործվում, օրհնանք էր, հա՞:
– Նման գնահատականը ի՞նչ հետևանքներ է ունենալու:
– Հասարակությանը դեգրադացնում են մինչև վերջին աստիճանը, դրա վառ օրինակը տեսանք Մերձավանի դպրոցում: Քաղաքական դաշտում շատ վատ բանի ենք ականատես լինելու. փորձում են վերարտադրել այն քաղաքական մոդելը, որ գոյություն ուներ 2021-ի ընտրություններից առաջ՝ անտագոնիստական մոդել, երբ քաղաքական, ծրագրային խոսքն ընդհանրապես զրոյացվում է, ու անտագոնիստական միջավայրում մեկը մուրճ է թափ տալիս, մյուսը՝ մանգաղ, ինչի հետևանք խորհրդարանն էլ այսօր տեսնում ենք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Այն, ինչ Փաշինյանին հաջողվեց 2021-ին՝ նախկիններին դեմոնիզացնելով վերարտադրվել, այս անգամ կարող է հակառակ էֆեկտը տա. Սուրեն Սուրենյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
