ru24.pro
World News
Май
2025

Այդ քրեական գործերը նախընտրական քարոզչության մաս են, եթե Փաշինյանը կարողանա համաձայնության գալ, դրանք կփակվեն. Կարապետյանց

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, 22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամ է Գլխավոր դատախազությունը պահանջում բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից: Հիմնավո՞ր են իշխանության ներկայացուցիչների այն բացատրությունները, թե նման գործերը ժամանակատար են, ու շատ նորմալ է, որ հեղափոխությունից այսքան ժամանակ անց նոր ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց է սկսվել:

– Իրականում մեծածավալ գործերը, հատկապես լավ պարտակված գործերն իսկապես շատ դժվար է բացահայտել, հատկապես եթե պարտակողները մեծ փորձ ու հմտություն ունեն դրանք պարտակելու, իսկ դրանք բացահայտողները առանձնապես ցանկություն չունեն դրանք բացահայտելու, մեղմ ասած կարող է երկար ձգձգվել, հետևաբար, այո՛, հիմնավորումը տեղին է: 

Այլ խնդիր է, թե որքանով այն, ինչ ներկայացնում է Դատախազությունը, կկարողանա պաշտպանել նաև դատարանում, ու արդյոք Հայաստանի քաղաքացին տևական ժամանակ չի վճարում քննիչներին, դատախազներին ու ներգրավված մյուս անձանց, որպեսզի նրանք բացահայտեն այս գործերը, հետո էլ ստիպված լինի վճարել այն մարդկանց, որոնք տուժող կճանաչվեն Եվրոպական դատարանի որոշումներով, եթե դատարանները ճիշտ չաշխատեն: 

Զուգահեռաբար պետք է հիշել, որ այս օրենքի սահմանադրականությունը հիմա վիճարկվում է Սահմանադրական դատարանում, ու դեռ պարզ չէ, թե ի՛նչ ճակատագրի կարժանանան այս գործերը, բայց այն, որ այդ թվում նաև Դատախազությունը դարձել է քրեական գործերի բացման հրավառության մեծ մասնագետ ու ժապավենով գեղեցիկ փաթեթավորված գործեր հանրությանը ներկայացնող ջատագով, դրանում կասկած չկա: 

– Իսկ հիմնավոր համարո՞ւմ եք մարդկանց, որոշ վերլուծաբանների այն մտահոգությունները, որ այս գործերը ընդամենը նախընտրական քարոզչության մաս են, որովհետև յոթ տարի է՝ իրական արդյունք չեն տեսել:

– Հարյուր տոկոս, դա կասկածից վեր է ինձ համար, որովհետև խիստ պատահաբար, երբ ՔՊ-ն սկսում է պարտվել ընտրություններում, սկսում են քրեական գործեր հարուցվել, կալանքի որոշումներ են կայացվում հաղթող կողմի գլխավոր դերակատարներին, համապետական ընտրություններից առաջ գործերը պատահաբար ավարտին են հասցվում, այնինչ այս ամբողջ ընթացքում, օրինակ՝ ոստիկանության համար այդ ցանկում ներկայացված «Տոյոտա» ֆիրմայից գնվել են մեքենաներ: Մեր գործընկեր քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ չեն կարողացել դիմել այլ ներմուծող կազմակերպությունների, որովհետև շատ ուշ են գլխի ընկել, որ ոստիկանության համար պետք է մեքենաներ գնել: 

Ստացվում է, որ երկար տարիներ քննվել են գործեր, գոնե «Տոյոտայի» պատկանելությունը Քոչարյանին գոնե հետաքրքրված մարդիկ տեղյակ էին, միայն քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ, ոստիկանությունը չեն իմացել դրա մասին, ու Հայաստանի քաղաքացիների հարկերից հավաքված գումարները ու դոնոր կազմակերպությունների կողմից տրված գումարները եկել են հարստացնելու ապօրինի ձեռք բերված գույքը: Այսինքն՝ այս յոթ տարվա ընթացքում սերտ համագործակցել, ֆինանսավորել են ապօրինի ճանապարհով ձեռք բերված ընկերությանը, հիմա շատ զարմացած, կլորացված աչքերով ասում են՝ այս ամենն ապօրինի է եղել: Փաստորեն այս իշխանությունները սատարել, մասնակից են եղել ապօրինի գույքի հնարավորությունները մաքսիմալ օգտագործելու հարցում:

– Իսկ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, մարդիկ էլի՞ նույն հավատով սպասելու են թալանածը հետ բերելուն, ինչպես, ասենք, հեղափոխությունից հետո էր:

– Անպայման, հասարակության մեջ կա ինչ-որ փոքր հատված, որը դեռ շարունակում է համարել, թե Նիկոլ Փաշինյանը Աստծո կողմից մեզ ուղարկված փրկիչ էր, մենք ուղղակի չգնահատեցինք մարդու չարչարանքը, չգնահատեցինք Գլխավոր դատախազության հրավառությունը ու մեր քննադատություններով, պահանջներով խանգարեցինք ու չթողեցինք, որ մարդիկ աշխատեն: 

Բայց հասարակության մեծ մասն առհասարակ այլևս չի անդրադառնում այս թեմաներին, եթե ինձ էլ չուղարկեին, ես էլ չէի կարդալու, որովհետև ինձ այլևս հետաքրքիր չէ՝ ինչ է ասում այս իշխանությունը տարբեր քրեական գործերի հետ կապված, ինձ համար ավելի կարևոր է, թե այս յոթ տարվա ընթացքում ինչ են իրականացրել այլ համակարգ ունենալու համար, իսկ այլ համակարգ ունենալու համար բացարձակապես ոչինչ չի արվել:

– Էական արդյունք այս անգամ սպասելի՞ է, տիկի՛ն Կարապետյանց:

– Բացարձակ, ի՛նչ էական արդյունք, ավելին ասեմ, եթե ինչ-որ պահի հանկարծ, ինչ-որ մեկի հետ Նիկոլ Փաշինյանը կարողանա համաձայնության գալ ու ստանալ այդ ուժերի սատարումը, տեսեք, թե ինչպես են այդ քրեական գործերը մեկը մյուսի հետևից փակվելու, ես համոզված եմ: 

Այս ամենը նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ է, հենց ընտրությունները վերջանան, հանկարծ ընտրվի Նիկոլ Փաշինյանը, մենք ունենալու ենք դիկտատուրա, որի պայմաններում տեսնելու ենք ավելի ծանր դեպքեր, քան տեսել ենք մինչև այս պահը՝ բոլոր իշխանությունների օրոք: Եթե նախկին իշխանությունները վերընտրվեն, շատ մեծ հավանականությամբ կարող ենք համարել, որ այլևս երկու դեպքում էլ կունենանք պետականության կորստի շատ լուրջ խնդիրներ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այդ քրեական գործերը նախընտրական քարոզչության մաս են, եթե Փաշինյանը կարողանա համաձայնության գալ, դրանք կփակվեն. Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.