Փաշինյանը հունից դուրս է գալիս, երբ ասում են ատելի ճշմարտությունը տիրող կոռուպցիայի մասին, որի անմիջական պատասխանատուն ինքն է. Սամսոնյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ կոռուպցիայի մասին հարցից հետո, հունից դուրս եկավ։ Ինչո՞վ եք բացատրում ու ինչպե՞ս եք գնահատում վարչապետի նման պահվածքը։
– Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է գալիս այն ժամանակ, երբ նրա երեսին ասում են ատելի ճշմարտությունը։ Նախկինների կոռումպացված հրեշի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը դարձել է այդ նույն կոռումպացված հրեշի վարչապետը։ Իհարկե վերջում Փաշինյանը ձեռքերը պարզելու է ժողովրդի առաջ և ասի, որ իր ձեռքերը մաքուր են, ու ինքը ոչ մի բանից տեղյակ չէ։ Բայց նա շատ լավ գիտի իր համակարգում տիրող կոռուպցիայի մասին, և ինքն է դրա անմիջական պատասխանատուն։
– Մամուլին հղում անելով՝ մեղադրել ընդդիմությանը թալանի, գործակալ լինելու և այլնի համար, այն դեպքում, երբ յոթ տարի իշխանության ղեկավարը ինքն է, ինչո՞վ եք բացատրում։
– Յոթ տարում այս իշխանությունը կարողացավ գերազանցել նախորդներին միայն վատագույնի մեջ։ Քաղաքական դաշտը մխտռեցին, պաշտոնյայի մակարդակը զրոյացրին, արդարադատության փորը թափեցին, հարկային ռեկետը հետ բերեցին, կոռուպցիան սեփականաշնորհեցին, անձնական օլիգարխիայի ինստիտուտը թողեցին, թմրամոլությունը և հանցավորությունը բազմապատկեցին, պետական սահմանները ջարդուփշուր արեցին, բոլորիս ուզում են դարձնել խեղճուկրակ ոչխարի հոտ, Արցախը նվիրեցին ու մի բան էլ աջուձախ սպառնում են բոլորին:
Իրենք շատ լավ հասկանում են, որ չեն կարողացել արդարացնել հեղափոխության սպասելիքները և դա անելու համար այլևս ռեսուրս չունեն։ Եվ այժմ պետական համակարգը դիտարկում են միայն իրենց կյանքը հետագայում դասավորելու, այսպես ասած իրենց գործերը դզելու և իշխանության կորստից հետո իրենց համար անվտանգության երաշխիքներ ստեղծելու միջոց։
– Կարծիքներ հնչեցին, թե Փաշինյանի երեկվա պահվածքի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի արածի միջև տարբերություն չկար: Դուք ի՞նչ եք կարծում:
– Դե, վարչական շրջանի ղեկավարը ակտիվիստ է ծեծում խմբով, իսկ վարչապետը խոստանում է կտրել ընդդիմության վիզը։ Բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու մասին խոստում տալու միջև տարբերություն չկա։ Այս հակվածությունը իշխանության մոտ բացահայտվեց դեռևս հինգ տարի առաջ, երբ ժողովրդի անունից խոսող հեղափոխական պատգամավորները որոշեցին ժողովրդի անունից հարձակվել պառլամենտական ընդդիմության վրա, իսկ վարչապետը դա հրապարակային պաշտպանեց։
Իշխանության այսպիսի հակումները տարածվում են հանրության վրա։ Մարդիկ այս օրինակին հետևելով՝ իրար միջև հարցերը լուծում են ծեծկռտուքով, սպանությամբ և բռնությամբ։ Այս իշխանությունը պատասխանատու է հասարակության մեջ քրեական բարքերի սրման և ուժեղացման համար նաև։
– Փաշինյանի երեկվա ելույթում կայի՞ն սպառնալիքի տարրեր կամ անուղղակի հրահանգ արդարադատություն իրականացնող մարմիններին, տիկի՛ն Սամսոնյան:
– Իհարկե կային։ Եթե նույնիսկ նա ուղիղ չի հրահանգում, նրա խոսքը իր ենթակաները և հատկապես վարչապետին հլու-հնազանդ ծառայելու պատրաստ ուժային կառույցները և արդարադատության մարմինները դա ընդունում են որպես հրահանգ և սկսում են թիրախավորված հակաիրավական հետապնդումներ։
Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են վարչապետի հայտարարություններն ազդել քրեական գործերի և դատական պրոցեսների վրա։ Դա հատուկ է արվում։ Ուղիղ խոսքով նկարվում է ժողովրդավարական և արդար միջավայր, բայց իրականում տիրում են անարխիա, ավտորիտարիզմ և, արդեն կարող ենք պաշտոնապես արձանագրել՝ պետական մակարդակով խուլիգանություն։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանը հունից դուրս է գալիս, երբ ասում են ատելի ճշմարտությունը տիրող կոռուպցիայի մասին, որի անմիջական պատասխանատուն ինքն է. Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
