Խորվաթ հանրահայտ երաժիշտներ Դոմիտրովիչն ու Բագարիչը ելույթ կունենան Երևանում
Մայիսի 7-ին «Արդեան»-ը հյուրընկալելու է խորվաթ հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար, Զագրեբի երաժշտական ակադեմիայի դասախոս Դարկո Դոմիտրովիչին և օպերային երգչուհի, Զագրեբի քաղաքային կոմեդիայի թատրոնի մեներգչուհի Սանդրա Բագարիչին։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի տարածած հաղորդագրությունից:
Դոմիտրովիչն ու Բագարիչը օպերետի/մյուզիքլի արևմտաեվրոպական լավագույն ավանդույթների շարունակողներն են, հյուրախաղերով շրջագայել են աշխարհով մեկ, և այժմ Հայաստանում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վարպետության դասեր տալու նպատակով՝ Erasmus+ ծրագրի շրջանակում։
Սա երաժիշտների առաջին այցն է Հայաստան։ Այցին հատկապես երկար է սպասել Դոմիտրովիչը, որն իր ստեղծագործական գործունեության շրջանակում արդեն հասցրել է ճանաչել հայկական մշակույթը։ Մասնավորապես, նրա հեղինակային «Բայրոն» մյուզիքլի մեկ ամբողջ գործողություն նվիրված է բանաստեղծ Ջորջ Բայրոնի այցելությանը Վենետիկի Ս․ Ղազար կղզի։
«Երաժիշտները հայ հանդիսատեսին են ներկայանում առաջին անգամ՝ գեղեցիկ երաժշտական ծրագրով, որը ներառում է խորվաթական, ամերիկյան, արևմտաեվրոպական օպերետներից, մյուզիքլներից և իհարկե Դոմիտրովիչի հեղինակային «Բայրոն» մյուզիքլից համարներ և սիրված երգեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Համերգը կկայանա մայիսի 7-ին՝ ժամը 20։00-ին, Աբովյան 1/1 հասցեում գտնվող «Արդեան»-ում։ Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են։ Կազմակերպիչները հորդորում են նախապես ամրագրել ներկայությունը՝ զանգահարելով 098 184747 հեռախոսահամարով։
The post Խորվաթ հանրահայտ երաժիշտներ Դոմիտրովիչն ու Բագարիչը ելույթ կունենան Երևանում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
