Պետական պարտքն ուղղվում է անիմաստ ծախսերի, ոչ թե ռազմավարական ծրագրերի. Մեսրոպ Առաքելյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը
– Պարո՛ն Առաքելյան, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: Ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը, ինչի՞ մասին են խոսում այս թվերը:
– Ընդհանրապես, պետական պարտքի ցուցանիշին անդրադառնալիս, բացի պարտքի մեծությունից, որ բազմիցս արդարացիորեն քննադատվում է, կա ավելի կարևոր հանգամանք՝ մենք այդ պարտքն ինչի՛ն ենք ուղղում ու այդ պարտքի մարմանը ինչքան գումար ենք տրամադրում: Սա ավելի կարևոր է, որովհետև եթե նայում ենք՝ այս տարի պետական պարտքի սպասարկմանը ավելի շատ գումար ենք ուղղում, քան կրթության, առողջապահության ոլորտներին:
Պատկերացրեք մի մարդ, որը վարկեր ունի ու ավելի շատ վարկ է մարում, քան իր ընտանիքի վրա է ծախսում, մտահոգիչը դա է, այլ ոչ թե ուղղակի թիվը: Այսինքն՝ կարևոր է պարտքի սպասարկումը, որը տարեցտարի ավելի է շատանում, քան այլ ոլորտներում, որովհետև, օրինակ՝ մի քանի տարի առաջ այդ պարտքի սպասարկմանն ուղղված գումարը շատ ավելի քիչ էր նույն կրթության կամ առողջապահության ծախսերից, այսինքն՝ եթե մենք համեմատում ենք, ապա պետք է համեմատենք, թե մեզ վրա ինչ է նստում այդ պարտքը, այլ ոչ թե միայն այդ բացարձակ ցուցանիշը, որը կարելի է տասնամյակներով մարել:
Հիմա անդրադառնանք նրան, թե այս վարկերն ինչին են գնում. եթե նայում ենք այս տարիների ընթացքին, դրանք հայտնվում են բյուջեում ու բյուջեի ընթացիկ ծախսերն են, այսինքն՝ մենք չունենք վարկեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների համար են՝ ճանապարհների, ենթակառուցվածքների, տարբեր ծրագրերի, որ իմանանք՝ վարկ ենք վերցրել, ինչ-որ կարևոր բան ենք արել, բայց եթե վարկ ենք վերցնում, որոնք հայտնվում են պետական բյուջեում, այդ թվում՝ անիմաստ ծախսեր են գեներացնում, դա միանշանակ անթույլատրելի է:
– Նկատի ունեք, որ մենք արտաքին պարտքը նպատակայի՞ն չենք ծախսում:
– Ոչ թե այդ տերմինն օգտագործենք, այլ՝ արդյունավետ չէ այդ գումարների օգտագործումը, ինչպես բյուջեի: Պետք է լինեն հստակ ծրագրեր, որոնց տակ մենք ֆինանսավորում ունենք, բայց երբ նայում ենք այս բյուջետային ծախսերը, որն իր հետ բերում է մեծ պետական պարտքի բեռ, դա այլ բանի մասին է խոսում:
Մի կարևոր արձանագրում էլ. եթե այս իշխանության յոթ տարվա հետ համեմատենք, ապա 2017-ի համեմատ այս տարիներին պետական պարտքի տոկոսադրույքներն են էականորեն բարձրացել մոտ 2,5%-ի չափով, ինչը նշանակում է, որ այս պահին պետական պարտքի վարկերն ավելի մեծ տոկոսով են, ինչն ավելի մեծ ծախս է բյուջեի համար, այսինքն՝ վարկ վերցնելու մասով են անբաշար այս իշխանությունները:
– «Մենք հասել ենք 50% մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է։ Մեզ նման երկրներում ներքին պարտքը կազմում է 20-30%։ Մեզ մոտ էլ էր այդ ծավալին, կարողացանք մեծացնել, որը որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերը»,- խոսելով ներքին պարտքի մասին ասել է նախարարը: Կմանրամասնեք՝ ի՞նչ նկատ ունի նա:
– Մենք մինչ օրս ունեցել ենք արտաքին պարտք հիմնականում միջազգային կառույցներից՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգայի հիմնադրամ, հիմա՝ վերջին տարիներին, ավելի շատ լինում է ներքին պարտք, այսինքն՝ պետական կարճաժամկետ, երկարաժամկետ պարտատոմսեր են թողարկում, ինչը մարդկային գործիք է: Այդ պարտատոմսերը հիմնականում առնում են բանկերը ու այլ կառույցներ, քաղաքացները քիչ են առնում, որի դիմաց բյուջեում գումար է հայտնվում, սա էլ է ավելացրել պարտքը:
Ի՞նչ է նշանակում ներքին պարտք. դա ավելի թանկ է, քան այն, որ վերցնում ենք արտաքին միջազգային հիմնադրամներից, ինչը բյուջեի վրա մեծ ծախս է նշանակում: Սա էլ է խոսում այն մասին, որ այս իշխանությունները չեն կարողանում միջազգային գործընկերների հետ աշխատել ու ստիպված ներքին պարտք են հավաքագրում ավելի մեծ ծավալներով:
– Պարո՛ն Առաքելյան, նախարարը նաև ասել է, որ Ամուլսարի գործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա: Որքանո՞վ եք դուք իրատեսական համարում հանքի շահագործումը, ու ի՞նչ ազդեցության մասին է խոսքը:
– Ամուլսարի այդ չարչրկված թեման եթե չքննարկենք, զուտ տնտեսական տեսանկյունից բացառապես դիտարկեք՝ այս յոթ տարի է՝ արդեն չկա որևէ դրական բան, հիմա էլ խոսում են շահագործման մասին: Այն, որ հանքերի շահագործումը մեր ՀՆԱ-ի մեջ մեծ մասնաբաժին ունի, փաստ է, բայց պետք է նկատի ունենալ նաև, որ դրանք բարեկեցության վրա շատ քիչ են անդրադառնում, այսինքն՝ այո՛, ՀՆԱ-ի մեջ ինչ-որ ցուցանիշ են ավելացնում, բայց երբ նայում ենք, թե ինչ ազդեցություն են ունենում ընդհանուր բարեկեցության վրա, դա չնչին է, որովհետև շատ քիչ մարդ է ներգրավված այդ ոլորտում:
Տնտեսական ցուցանիշների մասին խոսելիս շատ կարևոր է խոսել ոչ թե ՀՆԱ-ի աճի մասին, այլ՝ քաղաքացիների բարեկեցության: Շատ ավելի կարևոր է, որ մեր ՀՆԱ-ի կառուցվածքում Կառավարությունն ավելի շատ նպաստի այն ոլորտների զարգացմանը, որտեղ ավելի շատ մարդ է ներգրավված, դա առաջին հերթին փոքր բիզնեսն է, որովհետև այդ աճը երբ խոշոր բիզնեսում է տեղի ունենում, արդյունքում, այո՛, ՀՆԱ-ի աճն ավելանում է, բայց բոլորս հասկանում ենք, որ այդ շահույթը մի քանի սեփականատիրոջ վրա է անդրադառնում, իսկ փոքր բիզնեսի դեպքում տասնյակ հազարավոր ընտանիքների բարեկեցության վրա կարող է անդրադառնալ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Պետական պարտքն ուղղվում է անիմաստ ծախսերի, ոչ թե ռազմավարական ծրագրերի. Մեսրոպ Առաքելյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
