Իրանն ու Ադրբեջանը կարող են տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն ապահովել. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են Իրանի և Ադրբեջանի պատմական կապերն ու պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային խաղաղության ոլորտներում:
Ինչպես հաղորդում է Իրանի պետական IRNA գործակալությունը, ապրիլի 28-ին Բաքվում՝ Զագուլբայի նախագահական պալատում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը կարող են համագործակցությամբ հաստատել խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում:
«Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ իր հատուկ հայացքի համար տարածաշրջանի, Ադրբեջանի և մեր փոխադարձ հարաբերությունների նկատմամբ։ Մենք կարող ենք համագործակցել բոլոր հնարավոր ոլորտներում», – ասել է Փեզեշքիանը:
Նա ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները պատմական են. «Որպես հարևան երկրներ մենք միշտ աջակցել ենք միմյանց։ Ունենք բազմաթիվ ընդհանրություններ՝ կրոնական, գաղափարական և քաղաքական, որոնցով հպարտանում ենք։ Մեր նպատակը այս համատեղ արժեքների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումն է»։
Փեզեշքիանը կարեւորել է երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերը՝ նշելով. «Իմ սիրելի եղբայր Իլհամ Ալիևը հանձնարարել է Ադրբեջանի համապատասխան պաշտոնյաներին և նախարարներին իրականացնել մեր համատեղ ռազմավարական ծրագիրը։ Մենք էլ հանձնարարել ենք մեր արտգործնախարարին հետևել այս ծրագրի իրագործմանը՝ առավել ինտենսիվ կերպով, որպեսզի կարողանանք խորացնել համագործակցությունը գիտության, քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում»։
Նախագահ Փեզեշքիանը շեշտել է․ «Իրանն ու Ադրբեջանը կարող են համատեղ ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը և լուծել առկա խնդիրները փոխադարձ համագործակցության միջոցով»։
Նա հավելել է․ «Մենք վճռական ենք Ադրբեջանի Հանրապետության հետ բոլոր պայմանավորվածությունները լիովին իրագործելու գործում և, Աստծո կամքով, կստեղծենք նոր շրջանակ՝ Իրանի, Ադրբեջանի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար ավելի լավ ապագայի համար»։
Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է Իրանի նախագահին և նրա պատվիրակությանը Բաքվում՝ ընդգծելով․ «Մեր երկու ժողովուրդները վաղեմի բարեկամական հարաբերություններ ունեն, և մեր միջպետական կապերը ամրապնդված են այդ հիմքի վրա։ Վստահ եմ, որ այս այցը կնպաստի մեր երկկողմ համագործակցության հետագա խորացմանը»։
Ալիևը հավելել է․ «Այսօր մենք ընդգծեցինք մեր հարաբերությունների ռազմավարական նշանակությունը։ Երկու կողմերի առաջնային նպատակը փոխադարձ համագործակցության ակտիվացումն ու բոլոր ոլորտներում կապերի խորացումն է»։
Նրա խոսքով․ «Այսօր մի շարք կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին, որոնց հաստատումը նախագահական մակարդակով վկայում է մեր ընդհանուր հանձնառությունը՝ համապարփակ համագործակցությունը զարգացնելու բոլոր ոլորտներում»։
The post Իրանն ու Ադրբեջանը կարող են տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն ապահովել. Իրանի նախագահ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
