ru24.pro
World News
Декабрь
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ըստ ՄԱԿ-ի՝ Սիրիայում շուրջ 50 հազար մարդ է տեղահանվել, սպանվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչ

0
Անցած շաբաթ սկսված ու անակնկալ բնորոշումը ստացած ապստամբ զինյալների հարձակումից հետո մի քանի օրում Սիրիայում շուրջ 50 հազար մարդ է տեղահանվել, սպանվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 12 երեխա, հայտարարում է Միավորված ազգերի կազմակերպությունը։


Սիրիայի հյուսիս-արևելքում տարբեր բնակավայրերի, այդ թվում՝ երկրի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Հալեպի նկատմամբ հսկողություն սահմանած զինյալները թեև վստահեցնում են՝ բնակչության նկատմամբ որևէ գործողություն չեն իրականացնի՝ հորդորելով տներում մնալ, շատերն այլ վայրերում են ապահովություն փնտրում, դուրս գալու ճանապարհն էլ, սակայն, տեղացիների խոսքով անվտանգ չէ:


Տեղական լրատվամիջոցները գրում են, թե զինյալները Հալեպում պարետային ժամ են հայտարարել, հաղորդվում է, թե հակակառավարական ուժերը ձերբակալում են մարդկանց, ռեյդեր իրականացնում։ Տարածված տեսանյութերից մեկում նրանք մի շքեղ առանձնատանն են, որն ըստ տարբեր հրապարակումների՝ նախագահ Բաշար ալ Ասադի Հալեպի պալատն է:


Սիրիական բանակը շաբաթ օրը հայտարարեց, թե «ժամանակավորապես դուրս է բերում զորքերը Հալեպից ահաբեկիչների նկատմամբ հակահարձակում նախապատրաստելու համար», այժմ հաղորդվում է, թե սիրիական ուժերը նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության դաշնակից Ռուսաստանի հետ ինտենսիվ օդային հարվածներ են հասցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության զինյալների հսկողության տակ անցած տարածքներին։


Այս հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին է հաղորդվում։ Սիրիայի կառավարական ուժերը պնդում են, թե մի քանի բնակավայրեր արդեն վերադարձրել են, նախագահ Ասադը խոստացել է «ջախջախել զինյալներին»։ Չնայած այս հայտարարություններին՝ լրատվամիջոցներն ապստամբ զինյալների առաջխաղացման մասին են հաղորդում։




Նախօրեից լրատվամիջոցները գրում են, թե Իրաքից իրանամետ զինյալներ են մտել Սիրիա՝ կառավարական ուժերին օգնելու համար, ըստ այս հրապարակումների Լիբանանի «Հեզբոլա»-ը, սակայն, այս պահին նրանց միանալու մտադրություն չունի։


Սիրիայի գործող կառավարությունը ու պաշտոնական Թեհրանը ստեղծված իրավիճակի համար Իսրայելին ու Միացյալ Նահանգներին են մեղադրում։


Հակակառավարական ուժերին տարիներ շարունակ աջակցող Թուրքիան հայտարարում է՝ բռնության վերսկսման պատճառը Ասադի կառավարության քաղաքական երկխոսությունից հրաժարվելն է, Անկարան պնդում է ՝սիրիական ռեժիմը պետք է իր հաշտվի ժողովրդի և օրինական ընդդիմության հետ։