ru24.pro
World News
Ноябрь
2024

Տեղահանված անձինք Մարտունիում ՄԻՊ-ին ներկայացրել են կրթության, զբաղվածության վերաբերյալ խնդիրներ

0

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ: 

Հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, մարդու իրավունքների տեսանկյունից դրա ստեղծած խնդիրներին, կրթության մատչելիությանը, նախակրթարանների, քոլեջների, երաժշտական դպրոցների աշխատակիցներին տրամադրվող սոցիալական աջակցությանը, այդ թվում` սոցիալական փաթեթի բացակայությանը, երիտասարդների զբաղվածությանը:

Բռնի տեղահանված անձինք հիմնականում բարձրաձայնել են հարցեր իրենց փաստաթղթերի վերականգման, աջակցության ծրագրերի հետ կապված: Բնակիչները նաև իրենց մտահոգությունն են հայտնել մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրի փակման առնչությամբ, որի հետևանքով համայնքի բնակիչների համար ստեղծվել են լրացուցիչ դժվարություններ՝ այլ համայնքներ մեկնելու տեսանկյունից:

Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: