Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան
Կառավարության նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է մի շարք ոլորտներում աշխատող տնտեսվարողների գործունեությունը ներառել շրջանառության հարկ չվճարողների ցանկում, որի արդյունքում այդ ընկերությունները հարկվելու են ընդհանուր հարկման դաշտում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2025թ․ հուլիսի 1-ից։
Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կամ օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:
Նախատեսված փոփոխությունը, թեև բառացի չի նախատեսում հարկային դրույքաչափի բարձրացում, սակայն օրենքի փոփոխության հիմնավորումը նշում է, որ «հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից»: Արդյունքում, ակնհայտ է, որ այս փոփոխության արդյունքում այդ ոլորտներում աշխատող տնտեսվորողների համար տեղի է ունենալու հարկային բեռի բարձրացում, ինչն էլ հենց հանդիսանում է փոփոխության նպատակը։
Այս պարագայում, օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2025թ․ հուլիսի 1-ից, քանի որ հակասում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, քանի փաստացի գործ ունենք հարկ վճարողների համար հարկի դրույքաչափի բարձրացման հետ։
Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է նա: