ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30

Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին

0

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը, որով առաջարկվում է անցնել պրոֆեսիոնալ բանակի, պարտադիր ժամկետային զինծառայությունը դարձնել մեկ տարի և այլ փոփոխություններ: Հայեցակարգի խնդիրների, առավելությունների, ժամկետների իրատեսական լինելու հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայեցակարգը շատ բարդ չէ, ժամկետների առումով խնդիր չի լինի, որովհետև հիմնված է այն իրողությունների վրա, որ այսօր կան բանակում, ԶՈւ-երում:

«Խնդիրը մեկ այլ տեղ է: Օրինակ՝ մինչև 2027 թվականը  պարտադիր ժամկետային զինծառայությունը պետք է դառնա մեկ տարի: Այստեղ բավականին լղոզված է ու բավականին անհասկանալի, թե ինչ են ուզում դրանով ստանալ, արդյոք նրանք սահման պահելո՞ւ են, թե՝ ոչ, արդյոք նրանք որոշակի առումով օգտվելու են այն բոլոր ծրագրերից, որոնք որ նախատեսվում է պայմանագրայինների համար, նրանց մասին ոչ մի բան չկա»,- ասաց մասնագետը:

Ըստ փորձագետի՝ շատ լավ է, երբ անցում կատարեն մեկ տարվա ծառայության, բայց անհասկանալի է, թե ինչ է անելու զինվորը մեկ տարում «Դառնալո՞ւ է ռազմական մասնագիտության տեր, արդյո՞ք այդ մեկ տարվա ընթացքում պարզապես ռազմական մասնագիտություն է ձեռք բերելու, որը հետագայում պետք կգա ԶՈւ-երին, թե ինքը պարզապես գնում է 1-2 ամիս բանակային կյանքին է սովորում ու գնում դառնում սահմանապահ զինվոր. դրանք տարբեր բաներ են»,- շեշտեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Հայեցակարգում չի հանդիպել կետի՝ եթե այդ զինվորը մեկ տարի ծառայում է, ինքն ի՞նչ առավելություն ունի քաղաքացիական կյանքում: Սրանով է, որ, ըստ նրա, կարող են գրավչություն բարձրացնել:

Մյուս կողմից էլ, նրա խոսքով, ուզում են վերացնել Խորհրդային միության բանակի արատավոր հետքերը, բայց քարոզչության առումով նույն Խորհրդային միության բանակի քարոզչություն են փորձում իրականացնել:

«Ավարտական դասարաններում ՆԶՊ առարկայի էության շեշտը ոչ թե դրել են նրա վրա, որ պետք է մասնագիտական հմտություններ ձեռք բերեն աշակերտները, այլ նշել են՝  պետք է բանակի վերաբերյալ գրավչությունը բարձրացնել դպրոցներում, ընդհանրապես հասարակության մեջ:

Սա նշանակում է, որ այդքան էլ գրավիչ չէ այնուամենայնիվ բանակը և զուտ փորձում են քարոզչության միջոցով գրավչությունը բարձրացնել, սա անընդունելի է: Այսինքն, մարդուն հեքիաթային իրավիճակ են ներկայացնում, թե բանակը լավ տեղ է, բայց մարդը գնում, ընկնում է այն իրականության մեջ, որը՝ կա: Նույն էֆեկտն է լինելու՝ իրականությունն ու քարոզչությունը տարբեր: Այսինքն, քարոզում ես մի բան, բայց իրականությունն այլ է»,- պարզաբանեց նա:

Նա ընդգծեց, որ եթե ձգտում ես բանակն ավելի արդիական կամ ավելի գրավիչ լինի, բայց շեշտը դնում ես նորից քարոզչության վրա, անհասկանալի է, թե ինչ ես իրականում ուզում դրանով անել:

Նրա խոսքով՝ Հայեցակարգի ամենակարևոր ու առանցքային կետը սերժանտական ինստիտուտի ներդրումն է, դա շատ կարևոր հարց է: «Մեր մտածելակերպում կա, որ 18-20 տարեկան զինվորն է սերժանտ, գնում է մի քանի ամիս որոշակի պարապմունքներ անցնում ու դառնում սերժանտ, բայց պրոֆեսիոնալ բանակում սերժանտը կարող է լինել 40 տարեկանը և ինքն իսկապես լինի զինվորի անմիջական հրամանատարը: Սերժանտի ընկալումը պետք է փոխվի»,- հայտարարեց նա:

Ըստ փորձագետի՝ կարևոր խնդիրներից է, որ Հայեցակարգում խոսվում է սպայական կազմի կրթության, որակի բարձրացման մասին, բայց միևնույն ժամանակ չի խոսվում եղած սպայական կազմի կրթության մասին, որը կարևոր է:

«Չեն կարող առաջիկա 1.5 տարում բանակը վերափոխել, եթե այս պահի սպայական կազմի կրթության մասին չմտածենք: Եթե նոր սպաների կրթության մասին խոսենք, բայց բանակում եղած սպաների կրթությանը ուշադրություն չդարձնենք, անիրատեսական է արդյունքի հասնելը: Այն խնդիրները, որոնք կան և կան ներկա սպայական կազմի պատճառով, դրանք շղթայական են և այդպես էլ կմնան, երբեք չեն վերջանա, եթե մենք այսօր այս սպայական կազմի կրթության հարցը չլուծենք»,- նկատեց նա:

Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական պրոֆեսիոնալ բանակի անցնելը, նշված ժամկետը կարճ չէ՞, նա պատասխանեց, որ պրոֆեսիոնալ բանակը նախ ավելի ապահով է:

«Այն իրականում բավականին ապահով է, եթե կարողանաս ճիշտ օգտագործել, եթե նույն ժամկետային զինծառայողին չենք սարքում սահմանապահ զինվոր, այլ սարքում ենք ռազմական կրթություն ունեցող քաղաքացի, որը ցանկացած պահի կարող է մոբիլիզացվել և ռազմական գործողությունների մասնակից լինել, ապա մենք կարող ենք ունենալ իսկապես մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին համապատասխանող բանակ:

Ժամկետներում տեղավորվելու մասով ասեմ, որ կախված է կատարվող աշխատանքից: Եթե մենք զբաղվենք ժամավաճառությամբ, բնականաբար, ոչինչ չենք հասցնի»,- ասաց նա:

Հարցին էլ՝ մեկ տարվա պարտադիր զինծառայության անցումը որքանո՞վ է իրատեսական մարդկանց քանակի առումով, այստեղ խնդիրներ չե՞ն առաջանա, նա արձագանքեց. «Դա շատ մտահոգող հարց է, բայց դա կարող է լուծվել: Բոլորն էլ կմտածեն, եթե մեկ տարի են ծառայելու, դա երկար ժամկետ չէ, և ծառայողների թիվը կավելանա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ թե մարդիկ խուսափում են ծառայությունից, քանի որ կռիվ կա, այլ պարզապես խուսափում են նրա համար, որ երկու տարի հետ են մնում: Մեկ տարին քիչ ժամանակ է, և գրավչությունը սրանով ավելանում է ծառայելու համար»:

Նա շեշտեց, որ սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է: