ru24.pro
World News
Ноябрь
2024

Հովիկ Աղազարյանն անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աղազարյանն անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական խառնաշփոթ է ստեղծել թիմում:

Սկսենք սկզբից. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի խայտառակ միջադեպերով ուղեկցված ԱԺ լսումներից հետո Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու որոշում էր կայացրել:

Զեյնալյանն «ինքնակամ» հեռացավ, բայց Աղազարյանը համառորեն դեռ մանդատի կռիվ է տալիս ու հրաժարվում է կատարել Փաշինյանի պահանջը: Նոյեմբերի 19-ին՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստին, Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումն արդեն արձանագրվել է վարչության անդամների միաձայն որոշմամբ, բայց Հովիկ Աղազարյանը համառում է, ու մի բան էլ ինքն է վարչության անդամներին ճնշում, թե իրեն չեն կարող ստիպել մանդատը վայր դնել, այլ կարող են ընդամենը հորդորել:

Ավելին՝ Հովիկ Աղազարյանը «ուլտիմատում» է դնում ՔՊ վերնախավի առաջ՝ պահանջելով հրապարակել որոշումը, որպեսզի ինքը «մտածի» մանդատը վայր դնելու մասին:

ՔՊ վարչության անդամներն էլ, կարծես, անհարմար դրության մեջ են. քար լռություն են պահում եւ չեն հրապարակում կուսակցության վերնախավի որոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց վարչության անդամներից պարզել՝ ինչո՞ւ չեն հրապարակում Աղազարյանի մասով կայացված քաղաքական որոշումը, սակայն վարչության անդամները չեն պատասխանում մեր զանգերին:

Ավելի վաղ էլ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էին` մեկնաբանելու ոչինչ չունեն, թե Հովիկ Աղազարյանը երբ մանդատը վայր կդնի, կամ երբ կհանրայնացվի վարչության որոշումը:

Կարճ ասած՝ Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: