6,2 մլն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը
Աշխարհի խոշորագույն աճուրդի տներից մեկը՝ Sotheby's-ը, 6,2 մլն դոլարով վաճառել է իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի The Comedian վիճահարույց ինստալյացիան, որն իրենից ներկայացնում է կպչուն ժապավենով պատին ամրացված սովորական բանան, գրում է Bloomberg-ը:
Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը:
Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:
Գնորդը կստանա բանան, կպչուն ժապավենի գլանակ, իսկության վկայագիր և ինստալյացիայի տեղադրման հրահանգներ:
Կատելանի այս գործն առաջին անգամ ներկայացվել էր 2019-ին Մայամիում Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում: Այն ժամանակ Կատելանը խոստովանել էր, որ բանանը գնել է 30 ցենտով. ավելի ուշ ինստալյացիան վաճառվել էր 120,000 դոլարով՝ միջազգային մամուլում բուռն քննարկումներ առաջացնելով ժամանակակից արվեստի ընկալման և արժևորման մասին: