Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նախորդ ռազմավարության նվաճումները, քաղած դասերը, անկախ փորձագիտական գնահատման արդյունքները:
Կիրականացնեն ծավալուն ֆոկուս խմբային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ ապահովելով նախագծի շուրջ լայն հանրային կոնսենսուս։
«Բարեփոխումների 2024-2026 թվականների շրջափուլի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նպատակներով՝ Ներքին գործերի նախարարության կայացում, ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրում։
Հատկանշական է, որ բարեփոխումների իրականացման արդյունքներն արտացոլվում են նաև հանրային հարցումներով։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցմամբ՝ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62%-ը։ Մեր խնդիրն է շարունակել ջանքեր գործադրել վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ»,- ասաց նա:
Ղազարյանի խոսքով՝ այս նախագծով հասցեագրվում են մի շարք առանցքային ուղղություններ:
«Ապահովելու է ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքը, նորացված նկարագիր են սահմանվելու աշխատատեղերի համար, ոստիկանության արտաքին նկարագիրը բերելու է միասնական տեսքի, լավարկվելու է ենթակառուցվածքը, տեխնիկական հագեցվածությունը, ապարապնդվելու է նախարարություն-ոստիկանություն կապը, բարելավելու է մատուցող հանրային ծառայությունների որակը ու դրանց մշտադիտարկումը:
Խորքային վերափոխման է ենթարկվելու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բարձրացնելով ոստիկանություն ծառայության գրավչությունը, խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռիսկերը, բարեփոխվելու են կրթական միջավայրը, որի շրջանակներում ձևավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, ներդրելու է ոստիկանության համակարգի մուտք գործելու մեկ միասնական խողովակ, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը»,- ասաց Ղազարյանը։